Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Լուկա Մոդրիչը վնասվածք է ստացել ու վտանգում է բաց թողնել ՊՍԺ-ի դեմ հանդիպումը, ինչպես և Մարսելոն ու Թոնի Կրոսը։
Մոդրիչը զարմանալիորեն բացակայում էր «Լեգանեսի» դեմ խաղին նախորդած մարզումից, ինչպես նաև չէր մասնակցել «Բետիսի» դեմ վերջին հանդիպմանը։
Եվ ահա այսօր «Ռեալը» հաստատել է, որ խորվաթ կիսապաշտպանը ազդրի մկանի վնասվածք է ստացել, սակայն չի մանրամասնել, թե ինչպիսի լրջություն ունի վնասվածքը։ Այնուամենայնիվ, նախնական գնահատականներով Մոդրիչը բաց կթողնի 2-3 շաբաթ։ Հիշեցնենք, որ «Ռեալը» ՊՍԺ-ի դեմ խաղալու է մարտի 6-ին՝ ուղիղ երկու շաբաթից։
«Մոդրիչը ազդրի մկանի վնասվածք է ստացել»,- հաստատել է Զինեդին Զիդանը «Լեգանեսի» դեմ խաղից առաջ, որը հետաձգվել էր առաջնության 16-րդ տուրից «Ռեալի»՝ Աշխարհի ակումբային առաջնությանը մասնակցելու պատճառով։
«Մենք ամեն ինչ անում ենք, որ Լուկան արագորեն շարք վերադառնա։ Կարծում եմ լուրջ բան չկա։ Ինչպես միշտ, ես հույսեր եմ կապում Լուկայի հետ, ինչպես և այս ակումբում աշխատող բոլոր մարդկանց հետ՝ բժիշկների, թերապևտների։ Հույս ունեմ, որ նա արագորեն կվերադառնա»,- շարունակել է Զիդանը։
Հիշեցնենք, որ Մարսելոն ևս ազդրի վնասվածք էր ստացել «Բետիսի» դեմ խաղում։ Բացի այդ, ծնկի մկանային հանգույցի վնասվածք ունի Թոնի Կրոսը, իսկ Խեսուս Վալյեխոն շարունակում է ապաքինվել ձկնամկանի վնասվածքից։
Los Merengues, Realmadrid.am