2018 թվականը դեռևս շատ լավ է դասավորվում Կրիշտիանու Ռոնալդուի համար, ու պորտուգալացին վերգտել է իր գոլային հոտառությունը՝ խփած գնդակների քանակով գրեթե հավասարվելով իր մշտական մրցակցին՝ Լիոնել Մեսսիին։ Բոլոր մրցաշարերը միասին վերցրած Ռոնալդուն հեղինակել է 26 գոլ, մինչդեռ Մեսսին խփել է 27 գոլ։
Մրցաշրջանի առաջին հատվածն այնքան էլ լավ չդասավորվեց Կրիշտիանուի համար, քանի որ նա ստիպված էր որակազրկման պատճառով բաց թողնել Լա լիգայի մեկնարկային հանդիպումները։ Շատերն արդեն հաշվից դուրս էին թողնում Ռոնալդուին, ով շանսը շանսի ետևից էր կորցնում ու գոլ չէր խփում, մինչդեռ «Բարսելոնան» շարունակում էր առաջ պոկվել «Ռեալից» մրցաշարային աղյուսակում։
Ամեն ինչ փոխվեց 2018 թվականին, ու Ռոնալդուն վերջին 6 խաղերում արդեն հասցրել է 10 գնդակ խփել, իսկ մինչև ամսվա վերջ «Ռեալը» դեռ պետք է մրցի «Լեգանեսի», «Ալավաեսի» ու «Էսպանյոլի» դեմ։
Չեմպիոնների լիգան.
Ռոնալդուն Չեմպիոնների լիգայի ընթացիկ խաղարկությունում արդեն 11 գոլ է խփել, ևս 12 անգամ աչքի է ընկել Լա լիգայում։ Մեկ անգամ նա աչքի ընկավ Իսպանիայի սուպերգավաթի խաղարկությունում, ևս երկու գոլ էլ խփեց Աշխարհի ակումբային առաջնությունում։
Մեսսին իր 27 գոլերի առյուծի բաժինը՝ 74%-ը (20 գոլ), խփել է Լա լիգայում, ևս երեք գոլ խփել է Իսպանիայի գավաթի խաղարկությունում։ Մեսսին Չեմպիոնների լիգայում խփել է ընդամենը 3 գնդակ, ևս մեկ անգամ էլ աչքի է ընկել Իսպանիայի սուպերգավաթի խաղարկությունում։
Չնայած խփած գոլերի գրեթե հավասար քանակին, Ռոնալդուին անհամեմատ ավելի քիչ խաղաժամանակ է պահանջվել նման ցուցանիշի հասնելու համար։ Կրիշտիանուն գոլ է խփում յուրաքանչյուր 97 րոպեն մեկ անգամ, մինչդեռ Մեսսիին մեկ գոլ խփելու համար անհրաժեշտ է միջինը 115,6 րոպե։ Ռոնալդուն իր 26 գոլը խփել է 30 խաղում (միջինը՝ 0.87 գոլ մեկ խաղում), իսկ Մեսսին 37 խաղում է կարողացել խփել 27 գոլ (միջինը՝ 0.73 գոլ մեկ խաղում)։
Los Merengues, Realmadrid.am