«Ռեալի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն խաղադաշտում աչքի է ընկնում անհավանական էգոիզմով: Պարզվում է ՝ խաղադաշտից դուրս նա շատ շռայլ է և բարի: BVLGARI բրենդի 10 հազար դոլարանոց ժամացույցներ բոլոր թիմակիցներին՝ ՉԼ-ի հաղթանակից հետո, հունական կղզի իր գործակալ Մենդեշին և այլն: Բոլոր վերը նշվածները ընդամենը մանրուքներ են: Պորտուգալացին միլիոնավոր դոլարներ է ծախսում բարեգործության վրա:
Ամենաթարմ օրինակը Ռոնալդուի քրոջ՝ Կատյա Ավեյրուի ֆեյսբուքյան էջից է: Ռոնալդուն վճարել է Պորտուգալիայում տեղի ունեցած հրդեհից տուժած 370 մարդկանց բուժման ծախսերը:
Կրիշտիանուն համագործակցում է UNICEF-ի, Save the Children, Կարմիր խաչ և այլ կազմակերպությունների հետ: Իսկ հանդիպումները հիվանդ երեխաների հետ արդեն անհաշվելի է: Այդպիսի իրադարձություններից լուսանկարները բազմաթիվ են:

2004 թվականին Ռոնալդուն օգնեց Ինդոնեզիայի Աչեխ պրովինցիայի վերականգնմանը, որը տուժել էր երկրաշարժից և ցունամիից: Հենց այդ ժամանակ նա իր հովանավորության տակ վերցրեց 6-ամյա երեխայի, որի անունն էր Մարտինուս, ով աղետից 3 շաբաթ հետո էր գտնվել՝ Ռուի Կոշտայի մարզաշապիկը հագին: Ռոնալդուն նրա ընտանիքին 40.000 եվրո նվիրաբերեց և իրականացրեց երեխայի ամենամեծ երազանքը՝ նրան դարձրեց ֆուտբոլիստ: Երկու տարի առաջ Լիսաբոնի «Սպորտինգը» Մարտինուսի հետ պայմանագիր կնքեց, իսկ այնուհետև պորտուգալացին նրան տուն նվիրեց:
Ռոնալդուն շատ գումարներ է ծախսում իր հայրենի Ֆունշալում բժշկությունը զարգացնելու վրա: 2007 թվականին այնտեղ վիրահատել են նրա մորը, ում մոտ կրծքագեղձի քաղցկեղ էր հայտնաբերվել: Քաղցկեղի դեմ պայքարի պորտուգալական միությունը հատուկ շնորհակալություն է հայտնել ֆուտբոլիստին՝ մշտական ֆինանսական օգնություն տրամադրելու համար:
Բացի դա՝ Ռոնալդուն չի մոռանում անձնական և հասցեական օգնության մասին: 2012 թվականին նա վճարեց 9-ամյա երեխայի թանկարժեք վիահատության ծախսերը, որի մոտ քաղցկեղ էին հայտնաբերել: Ցավոք երեխային փրկել չհաջողվեց:
2014 թվականին համացանցը քննարկում էր Ռոնալդուի նոր սանրվածքը:

Հենց այսպիսի սպիեր ուներ Էրիկ Օրտիս Կրուսը: 10 ամսական երեխան, որի 60 հազար ֆունտ արժողությամբ վիրահատությունը ֆինանսավորել էր Ռոնալդուն՝ գլխի քաղցկեղ ուներ: Երեխայի ծնողները Ռոնալդուից միայն խնդրել էին աճուրդի հանելու համար ստորագրված մարզաշապիկ, սակայն Կրիշտիանուն բոլոր ծախսերն իր վրա էր վերցրել:
2010 թվականից սկսած Ռոնալդուն լեյկեմիայով հիվանդների համար ոսկրածուծի դոնոր է հանդիսանում: Նա մեկ անգամ չի, որ նշել է՝ մարմնի վրա դաջվածքներ չկան, քանի որ այդ դեպքում չէր կարողանա արյուն հանձնել դրա կարիքն ունեցողներին:
2012 թվականին Կրիշտիանուն վաճառեց իր «Ոսկե խաղակոշիկը» 1,5 մլն. ֆունտ ստեռլինգով և այն նվիրաբերեց Գազայի հավածում գտնվող դպրոցի վերականգնմանը:

2015 թվականին Կրիշտիանուն վաճառեց իր «Ոսկե գնդակներից» մեկը: 600 հազար ֆունտ սթեռլինգն ուղղվեց մանկական քաղցկեղի պայքարի համար նախատեսված ֆոնդեր:
2016 թվականին Ռոնալդուն 275 հազար եվրո վաստակեց Եվրո-2016-ում հաղթելու համար, որը նույնպես ուղղվեց բարեգործությանը:
Ռոնալդուն թվիթերում հաճախ է հայտարարություններ անում կապված փախստականների և երեխաների խնդիրների հետ, մասնավորապես՝ Սիրիայում:

«Չեմ կարող չզարմանալ, թե ինչու մարդկությունը դեռևս չի հաղթահարել քաղցն ու չքավորությունը: Իսկ քանի երեխաներ են օրական մահանում սննդի ու ջրի պակասությունից: Այսպես չի կարող շարունակվել: Մենք պետք է պայքարենք այս երևույթի դեմ»,- հայտարարել էր Ռոնալդուն:
Ամենազարմանալին այն է, որ երբ խոսքը գնում է բարեգործությունների մասին, Ռոնալդուն շատ համեստ է հայտարարություններում: Նա ընդամենը ասում է՝ «Աստված ինձ ավելի շատ է օգնել»:
Այս և նմանատիպ հարյուրավոր օրինակներն այսբերգի վերևի հատվածն է միայն: Շատ հաճախ կատարված բազմաթիվ բարի գործեր անհայտ են մնում մեկ պատճառաբանությամբ՝ մամուլը հաճախ է սիրում չարախոսել, որ սրանք Ռոնալդուի դրական իմիջը ձևավորելու PR քայլեր են:
Վարդան Ղազարյան, Realmadrid.am