Բիզնեսմեն Վիսենտե Բոլուդան Վալենսիայի բիզնես ասոցացիայի համաժողովի ժամանակ հանդես է եկել ուշագրավ հայտարարությամբ։ Բոլուդան հայտարարել է, որ դեմ չէ կրկին ստանձնել «Ռեալի» նախագահի պաշտոնը։
«Իմ բիզնես գործընկերները հարցրին, թե արդյո՞ք ես նորից կլինեմ «Ռեալի» նախագահ։ Պատասխանեցի, որ այնտեղ հիանալի օրեր եմ անցկացրել ու ինձ դուր է եկել «Արքայական ակումբը»։ Նախագահի հաջորդ ընտրությունների ժամանակ ես նախատեսում եմ առաջադրել իմ թեկնածությունը»,- հայտարարել է 62-ամյա Բոլուդան։
Հիշեցնենք, որ Վիսենտե Բոլուդան զբաղեցրել է «Ռեալի» նախագահի պաշտոնը 2009 թվականի հունվարից մինչև մայիս ընկած ժամանակահատվածում՝ Ռամոն Կալդերոնի հրաժարականից հետո։
Նշենք նաև, որ վերջին տարիներին Ֆլորենտինո Պերեսը ընտրությունների ժամանակ մրցակիցներ չի ունենում։ Ակումբում խստացվել է առաջադրման կարգը, ու ցանկացած թեկնածու պարտավոր է 80 միլիոն եվրոյի չափով ֆինանսական երաշխիքներ ներկայացնել, ինչն էլ հենց շատերին հետ է պահում առաջադրվելու մտքից։
Կարծես թե Պերեսը նոր մրցակից ունի...
*Նկարում Բոլուդան կանգնած է Պերեսից աջ։
Los Merengues, Realmadrid.am