«Ֆլամենգոյի» երիտասարդ աստղ Վինիսիուս Ժունիորը արդեն մտովի պատրաստ է միանալ «Ռեալին» 45 միլիոն եվրո արժեցած տրանսֆերից հետո, ու նա երեկ ժամանել է Իսպանիայի մայրաքաղաք, որ ավելի լավ ծանոթանա ակումբի աշխատանքին:
Ընտանեկան այց՝ Մադրիդ.
Globoesporte-ի տեղեկություններով՝ բրազիլացի ֆուտբոլիստը որոշել է օգտագործել ներքին առաջնությունում ներկայիս դադարը ու իր հոր, եղբոր ու զարմիկի հետ միասին մեկնել Իսպանիա: Մադրիդում նա կայցելի Վալդեբեբասի մարզաբազա, ինչպես նաև կլինի «Սանտիագո Բեռնաբեու» մարզադաշտում և կսկսի նախապատրաստվել Իսպանիա տեղափոխությանը:
Մադրիդի «Ռեալը» դեռևս մեկ տարի առաջ ձեռք բերեց «Ֆլամենգոյի» 16-ամյա ֆուտբոլիստ Վինիսիուսին: Երկու ակումբները համաձայնության եկան, որ տեղափոխությունը կկայանա 2018 թվականի հուլիսին, երբ Վինիսիուսը կդառնա չափահաս: Ֆուտբոլիստը վերջերս ցանկություն էր հայտնել, որ մինչև 2018 թվականի ավարտը մնա «Ֆլամեգոյում» ու միայն 2019 թվականի հունվարին միանա «Ռեալին», բայց մադրիդյան ակումբը ցանկանում է, որ նա արդեն ամռանը ներգրավվի թիմում: «Նա պատրաստ է այս փորձությանը»,- կարծում են ակումբում:
Իր այցի ժամանակ Վինիսիուսը կծանոթանա ակումբի ներքին խոհանոցին, կհանդիպի ապագա թիմակիցներին ու կդիտի շաբաթ օրը կայանալիք Կլասիկոն: Մադրիդում մեկ շաբաթ անցկացնելուց հետո նա ընտանիքի հետ կմեկնի ԱՄՆ, որտեղ կայցելի Դիսնեյլենդ: Հարձակվողը միայն հունվարի 4-ին կվերադառնա Բրազիլիա ու կսկսի «Ֆլամենգոյի» հետ նախապատրաստվել Ռիո դե Ժանեյրոյի առաջնությանը, որը մեկնարկում է հունվարի 13-ին:
Երիտասարդ բրազիլացին «Ռեալի» պատմության 7-րդ ամենաթանկ ձեռքբերումն է: Նա միայն զիջում է Լուիշ Ֆիգուին (€60 Մ), Կակային (€67.5 Մ), Զինեդին Զիդանին (€75 Մ), Խամես Ռոդրիգեսին (€80 Մ), Կրիշտիանու Ռոնալդուին (€91 Մ) ու Գարեթ Բեյլին (€101 Մ):
Los Merengues, Realmadrid.am