Մադրիդի «Ռեալը» սկսելու է Լա լիգայի չեմպիոնության պաշտպանությունը «Ռիասոր» մարզադաշտում, որտեղ էլ կփորձի շարունակել անպարտելիության տպավորիչ շարքը, որ սկսվել է 2009 թվականին։
Վերջին ութ մրցաշրջաններում «արքայական ակումբը» չի պարտվել առաջնության մեկնարկային տուրում՝ հաղթելով 5 խաղ ու ոչ-ոքի ավարտելով 3-ը։ Հաղթանակները արձանագրվել են «Դեպորտիվոյի», «Սարագոսայի», «Բետիսի», «Կորդոբայի» ու «Ռեալ Սոսյեդադի» խաղերում, իսկ ոչ-ոքիները՝ «Մալյորկայի», «Վալենսիայի» ու «Սպորտինգի»։
Այսօր կլինի պատմության մեջ 5-րդ դեպքը, երբ «Ռեալը» Լա լիգան կմեկնարկի «Դեպորտիվոյի» դեմ մրցավեճով։ Նախորդ չորս դեպքերում «Ռեալը» հաղթել է մեկ խաղ, ոչ-ոքի ավարտել երկուսը, իսկ մեկ դեպքում էլ պարտություն է կրել։ Ինչ վերաբերում է «Ռիասորում» անցկացրած խաղերին, ապա վերջին չորս ուղևորությունները դեպի Լա Կորունյա «Ռեալի» համար հաղթական ավարտ են ունեցել։
Ռմբարկուները.
«Ռեալի» ներկայիս կազմում կան երեք ֆուտբոլիստներ, որ գիտեն, թե ինչ է նշանակում խփել առաջնությունում թիմի անդրանիկ գնդակը։ Կրիշտիանու Ռոնալդուն առաջին գոլը հեղինակեց 2011 թվականին «Սարագոսայի» դեմ խաղում, իսկ Բենզեման նման հաջողություն գրանցել է երկու անգամ՝ 2013 և 2014 թվականներին՝ «Սանտիագո Բեռնաբեուում»։ Նախորդ մրցաշրջանում «Ռեալ Սոսյեդադի» դեմ խաղում Գարեթ Բեյլը դարձավ առաջին գոլի հեղինակը։
Los Merengues, Realmadrid.am