«Ես ֆանտաստիկ թիմ ունեմ, ու բոլոր ֆուտբոլիստներս պատրաստ են առաջիկա բոլոր եզրափակիչներին…»
Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանն իր գոհունակությունն է հայտնել թիմի՝ «Ռիասորում» տարած հաղթանակի կապակցությամբ. «Մենք մեծ թվով պահեր ստեղծեցինք առաջին կեսում: Այսօր մեկնարկային կազմ դուրս եկած ֆուտբոլիստներից շատերն այս պահին մեր հիմնական կազմից չեն, սակայն այն տեմպն ու կարգապահությունը, որ կար խաղադաշտում, ուղղակի ցնցող էին:
Ես այստեղից հեռանալու եմ շատ գոհ խաղից ու յուրաքանչյուր գոլից: Խաղացողներ, որոնք շատ խաղաժամանակ չեն ստանում, այսօր այնպիսի պատրաստվածություն ցույց տվեցին, որ ուղղակի անհավատալի է: Նրանք հիանալի մարզավիճակում են, որը և ապացուցեցին: Բոլորը ձգտում են խաղալ: Ես հիանալի թիմ ունեմ, որի յուրաքանչյուր անդամ պատրաստ է իր ուժերի ներածին չափով նպաստել ակումբի հաղթանակներին, առավել ևս մեզ սպասվող առաջիկա եզրափակիչներում»:
Իսկոյի մասին.
«Հաճախ չէ, երբ մրցակից թիմի երկրպագուները հոտնկայս ծափահարում են քեզ, սակայն Իսկոյի ելույթն այսօր ուղղակի շլացնող էր: Նա արեց այնպիսի բաներ, որոնց ոչ բոլորն են ընդունակ, իսկ երկրպագուները շնորհակալություն հայտնեցին այդ ելույթի համար՝ ծափահարելով հոտնկայս: Ես շատ ուրախ եմ Իսկոյի համար. նա մշտապես տքնաջան աշխատում է, երբ հնարավորություն է ստանում:
Նման ֆուտբոլիստներն ինձ համար խնդիրներ են առաջացնում մեկնարկային կազմի ընտրություն կատարելիս: Ամեն դեպքում մեզ հերթական եզրափակիչն է սպասվում շաբաթ, և մենք ամեն ինչ կանենք համապատասխան կազմն ընտրելու համար: Մենք բոլորս պատրաստ ենք նվիրվածությամբ հանդես գալ, և դա կարևորագույնն է»:
Մեկնարկային կազմ դուրս եկած ֆուտբոլիստների ու փոխարինողների մասին.
«Այս հարցի շուրջ մշտապես բանավիճելու ենք: Միայն մի բան կասեմ, որ յուրաքանչյուր ֆուտբոլիստ ինձ համար շատ կարևոր է: Յուրաքանչյուրը, ով ստանում է ապացուցելու հնարավորություն, իր շանսն օգտագործում է լավագույն կերպով: Ինձ համար ընտրություն կատարելն ավելի է բարդանում, քանի որ շատ դժվար է ֆուտբոլիստին ասել, որ հիանալի խաղից հետո նա մեկնարկային կազմում չի լինելու հաջորդ հանդիպմանը:
Ես հիանալի թիմ ունեմ ու շաբաթ նորից ընտրություն եմ կատարելու: Ինձ համար չկա Ա և Բ թիմ: Նրանք, ովքեր չմասնակցեցին այսօրվա խաղին, ևս հիանալի են գործում: Բոլորս նույն նավի վրա ենք, իսկ դրանով ամեն ինչ ասված է: Սա մեր ընտրած ճանապարհն է մինչև մրցաշրջանի ավարտը, իսկ հաջորդ տարին ցույց կտա իր ուղին»:
Fenomeno, Realmadrid.am