Կողմերի միջև գործող պայմանագրի ժամկետը լրանում է 2019 թվականին, սակայն «արքայական» ակումբը պատրաստվում է ամռանը նոր պայմանագիր առաջարկել Բենզեմային, ընդ որում՝ աշխատավարձի չափի բարձրացումով…
Իսպանական As-ը հաղորդում է, որ «Ռեալը» պատրաստվում է 2017 թվականի ամռանը նոր պայմանագիր առաջարկել թիմի ֆրանսիացի հարձակվող Կարիմ Բենզեմային: Նոր պայմանագիրը նախատեսված կլինի մինչև 2021-22 թվականները:
Այս քայլով «Ռեալը» ցանկանում է իր աջակցությունը հայտնել Բենզեմային, որն ընթացիկ մրցաշրջանում մեծ արդյունավետությամբ աչքի չի ընկնում ու արժանանում է երկրպագուների դժգոհությանը:
«Ռեալը» ցանկանում է հենց ամռանը պայմանագիր առաջարկել Բենզեմային՝ ելնելով նրանից, որ այդ ժամանակահատվածում թիմը խոշոր մրցաշարերի չի մասնակցելու:
2-րդ երկարաձգումը՝ աշխատավարձի չափի բարձրացումով.
Սա կլինի Բենզեմայի ու «Ռեալի» երկրորդ պայմանագիրը 2009 թվականին ֆուտբոլիստի ժամանումից հետո: «Ռեալ» տեղափոխվելուց հետո Բենզեման առաջին անգամ պայմանագրի ժամկետը երկարաձգեց 2014 թվականին, իսկ նրա աշխատավարձի չափը 5 միլիոն եվրոյից դարձավ տարեկան 8 միլիոն եվրո:
Նոր պայմանագրով ևս նախատեսված է աշխատավարձի չափի բարձրացում: Հետաքրքիր է այն, որ նոր պայմանագրի ավարտին Բենզեման արդեն կլինի 34 տարեկան:
Բենզեմայի ելույթները, մեղմ ասած, գոհացնող չեն՝ նախորդ մրցաշրջանների համեմատ: Ընթացիկ մրցաշրջանում նա 1,756 րոպե է անցկացրել խաղադաշտում՝ դառնալով 12 գոլի հեղինակ: Ստացվում է, որ նա մրցակցի դարպասի բանալին գտնում է յուրաքանչյուր 146,3 րոպեն մեկ անգամ, իսկ օրինակ նախորդ մրցաշրջանում նա գոլ էր խփում յուրաքանչյուր 92,7 րոպեն մեկ անգամ:
«Ռեալում» անցկացրած մարզական կարիերայի ընթացքում ֆրանսիացին դարձել է 173 գոլի հեղինակ, որով թիմի բոլոր ժամանակների լավագույն 8-րդ ռմբարկուն է:
Fenomeno, Realmadrid.am