Մրցավարական սխալների պատճառով «Ռեալն» 8 միավոր ավելի է վաստակել, «Բարսելոնան»՝ 4 միավոր պակաս…
Կատալոնական Mundo Deportivo պարբերականը վերլուծել է Իսպանիայի առաջնության առաջին հատվածում Մադրիդի «Ռեալի» ու «Բարսելոնայի» հանդիպումները, որից եզրակացություն է կազմել, ըստ որի՝ «Ռեալը» մրցավարական սխալ որոշումների պատճառով 8 միավոր ավելի է վաստակել, իսկ «Բարսելոնան»՝ 4 միավոր պակաս:
Որպես օրինակ՝ աղբյուրը բերում է «Սելտայի» դեմ խաղին Ալվարո Մորատայի խփած գոլը, որը «մաքուր» խաղից դուրս վիճակից էր, ինչպես նաև Սերխիո Ռամոսի երկրորդ գոլը «Մալագայի» դեմ խաղին, որը ևս «մաքուր» խաղից դուրս էր: Ըստ հրապարակման՝ մրցավարական սխալ որոշումներ են կայացվել նաև «Էսպանյոլի» ու «Դեպորտիվոյի» դեմ խաղերում:
Աղբյուրի համաձայն՝ «Բարսելոնայի» մասնակցությամբ 8 խաղերում մրցավարական սխալներ են գրանցվել, որոնք թիմից միավորներ են խլել: Խոսքը վերաբերում է «Սելտայի» դեմ հանդիպմանը, երբ 11-մետրանոց չի նշանակվել Նեյմարի նկատմամբ կանոնների խախտման ժամանակ, «Մալագայի» դեմ խաղին, երբ չի արձանագրվել Պիկեի խփած «մաքուր» գոլը, «Վիլյառեալի» դեմ հանդիպմանը, երբ երկու «մաքուր» 11-մետրանոց չի նշանակվել «դեղին սուղանավերի» դարպասին:
Mundo Deportivo-ն, սակայն, նշում է, որ «Էսպանյոլի» դեմ խաղում «Բարսելոնայի» դարպասը կանոնների սահմաններում ուղարկված գնդակի չարձանագրումը թույլ է տվել «կապտանռնագույններին» հավելյալ 1 միավոր վաստակել:
Հիշեցնենք, որ 19 տուրից հետո «Ռեալը» երկու միավոր գերազանցում է «Բարսելոնային» և դեռ մեկ խաղ պակաս է անցկացրել:
Fenomeno, Realmadrid.am