Իսպանիայի գավաթի խաղարկության 1/8 եզրափակչի շրջանակներում «Ռեալը» հյուրընկալվել էր «Սևիլիային»։ Առաջին խաղում տարած 3-0 հաշվով հաղթանակը Զիդանին թույլ էր տվել փորձարարական կազմ դաշտ դուրս բերել, բայց փորձը մոտ էր ձախողվելուն, իսկ «Ռեալի» 39 խաղերից բաղկացած անպարտելիության շարքը՝ ընդհատվելուն։
«Սևիլիան» առաջին կեսում բացեց խաղի հաշիվը։ Դանիլոն գնդակն ուղարկեց սեփական դարպասը։ Առաջին կեսում այլևս գոլեր չգրանցվեցին, բայց երկրորդ կեսը գոլառատ ստացվեց։
Նախ Մարկո Ասենսիոն հիանալի անցումից հետո հավասարեցրեց հաշիվը։ Քիչ չանցած, սակայն, Ստևան Յովետիչը նորից առաջ մղեց անդալուսյան ակումբին։ Ավելին, Վիսենտե Իբորան կարողացավ նույնիսկ երկու գոլի հասցնել «Սևիլիայի» առավելությունը։
Բայց «Ռեալը» չէր պատրաստվում պարտվել։ Նախ Կազեմիրոն վաստակեց 11 մետրանոց, իսկ Սերխիո Ռամոսը պանենկա հարվածով կրճատեց հաշվի տարբերությունը, իսկ ահա խաղի վերջին րոպեին Կարիմ Բենզեման անհատական անցումից հետո հավասարեցրեց հաշիվը։
«Ռեալը» 40-րդ խաղն անընդմեջ դաշտը լքեց առանց պարտության ու սահմանեց իսպանական նոր ռեկորդ։
Los Merengues, Realmadrid.am