Մադրիդի «Ռեալի» շատ ֆուտբոլիստների համար երազանք էր Զինեդին Զիդանի հետ աշխատելը։ Մասնավորապես, դա վերաբերում է Իսկոյին ու Խամեսին, ում համար Զիդանը մանկությունից սկսած կուռք է եղել։ Ունենալով նոր մարզչի հետ համեմատելի տաղանդ՝ Իսկոն ու Խամեսը երբեք չեն թաքցրել, որ ուզում են նմանվել Զիզուին։ Զիդանը նրանց համար օրինակ է, որին կարելի է ամեն օր նայել ու նոր բաներ սովորել։
Իսկոն ու Զիզուն իրար հետ աշխատում էին նաև 2013/14 մրցաշրջանում, որն առաջինն էր իսպանացու համար «Ռեալում»։ Ֆրանսիացին Անչելոտիի օգնականն էր ու մեծապես նպաստեց Իսկոյի ադապտացիային՝ հատուկ հետևողականությամբ աշխատելով նրա հետ ու զարգացնելով նրա տաղանդը։ Ավելին, հենց Զիդանի խորհրդով էր, որ «Ռեալը» ձեռք բերեց Իսկոյին։
Այդ ամառ Իսկոն 99.9 տոկոսով «Մանչեսթեր Սիթիի» ֆուտբոլիստ էր, բայց ֆրանսիացին միջամտեց ու փոխեց նրա որոշումը։ Դրան հաջորդեց այն, որ Իսկոն խզեց պայմանավորվածությունը «Սիթիի» հետ ու համաձայնության եկավ Մադրիդի «Ռեալի» ղեկավարության հետ։ Նա այդ ժամանակ դեռևս փայլում էր Իսպանիայի Մ21 տարեկանների հավաքականում։ Եվ հենց հավաքականի ուսումնամարզական հավաքներից մեկի ժամանակ էլ նա ստացավ զանգ անձամբ Զինեդին Զիդանից։ Մալագայում ծնված ֆուտբոլիստը չէր կարողանում հավատալ, որ խոսափողի մյուս կողմում իր կուռքն է, ով խնդրում է իրեն տեղափոխվել «Ռեալ»։ Ընդամենը մեկ վայրկյան պահանջվեց, որ Իսկոն հնչեցնի այդքան սպասված «այո»-ն։
Հիմա Մադրիդի «Ռեալի» նոր գլխավոր մարզիչը հերթական անգամ ձեռնարկել է Իսկոյին «փրկելու» գործողությունը։ Ամբողջ թիմից հենց Իսկոն է, ով Զիդանին հիշեցնում է ինքն իրեն, ինչի մասին ֆրանսիացին չի վարանել նշել, երբ դեռ Անչելոտիի օգնականն էր. «Տեխնիկապես, Իսկոն շատ է նման ինձ»։
Եվ այս պահին Զիդանը ցանկանում է գործի դնել Իսկոյի ողջ տաղանդը հանուն թիմի շահերի, ինչն այնքա՜ն կարևոր կլինի վերջին տարիներում «Ռեալի» համար ամենադժվար իրավիճակներից մեկից դուրս գալու համար։
Իսկ Իսկոն մինչ Զիդանի գալը ցանկանում էր փոխել ակումբը, բայց...
Գևորգ Լոռեցյան, Realmadrid.am