Գարշելի 2015-ի ավարտից անմիջապես հետո, անդունդի ամենախորը իջվածքներ գլորվող թիմում հանկարծ լույսի և հույսի մի շող վառվեց: «Ռեալի» գլխավոր մարզիչ նշանակվեց Զիդանը: Ճիշտ է` սա շատ ռիսկային քայլ էր, ոչ ոք չի կարող հաջողություն երաշխավորել, երբ գալիս է անփորձ մարզիչ, բայց ինչ էլ որ լինի, ի սկզբանե անհաջողության դատապարտված Բենիտեսի «Ռեալից» ավելի վատ չի կարող լինել: Առավել ևս, որ եթե կան կասկածներ Զիդանի տակտիկական կարողությունների վրա, ապա էմոցիոնալ առումով թիմը վերելք անպայման կապրի: Նա վայելում է բոլորի սերն ու հարգանքը, և ինչպես Անչելոտին էր նշել` երբ հանդերձարանում խոսում է Զիդանը, բոլորը լուռ լսում են:
Բայց Զիդանի մասին որպես մարզիչ կարծիք կկազմենք ու կխոսենք հետագայում: Հիմա, երբ բոլորիս մեջ թարմ է Զիդան ֆուտբոլիստը, հետադարձ հայացք գցենք ֆրանսիացու խաղին: Բոլոր ժամանակների լավագույն ֆուտբոլիստի «կոչումը» երբեք տեր չի ունենա, որովհետև սա ամենասուբյեկտիվ հարցն է. Ամեն ոք ունի իր լավագույնին: Բայց անձամբ ինձ համար ֆուտբոլի արքան, լավագույններից լավագույնը հենց Զինեդին Զիդանն է: Հաշվի առնելով ֆուտբոլի պատմության ժամանակաշրջանները, նրա ապրած էվոլուցիոն ընթացքը, Զիդանի դերն ու հաջողություններն իր թիմերում: Պելե, Մարադոնա, Ռոնալդինյո, Մեսի և Ռոնալդու վերջապես… Զիդանի հետ մեկտեղ այս խաղացողներն են համարվում լավագույնները, բայց նրանք բոլորը եղել են մրցակցի տուգանայինի կամ առավելագույնը կիսադաշտի խաղացողներ` ի տարբերություն Զիդանի, ում դիրքը դաշտի կենտրոնն էր, և նա խաղում էր ամենուր` խաղադաշտի ամբողջ երկայնքով ու լայնքով: Նրա վրա էր կառուցված իր թիմերի ողջ խաղն ու սցենարը, որովհետև նա որպես ֆուտբոլիստ կատարյալ էր` կատարյալ փոխանցում, կատարյալ հարված, գնդակի հետ վարվելու կատարյալ ունակություն, կատարյալ ֆուտբոլային միտք: Չուներ միայն բարձր արագություն, բայց ունենալով այդքան հատկանիշներ, արագության կարիք գրեթե չուներ: Ում է պետք արագությունը, երբ քեզանից չեն կարողանում խլել գնդակը: Նա իր թիմերի անվիճելի առաջատարն էր, դաշտի տիրակալը, նա միայնակ մեկ թիմ էր: «Տվեք ինձ 10 փայտի կտոր ու Զիդանին, և ես ձեզ համար կհաղթեմ Չեմպիոնների լիգան». Եթե մարզիչների մաեստրո Ֆերգյուսոնն այսպիսի արտահայտություն է անում, ուրեմն այլ բաներ ասելն արդեն ավելորդ է: Ու նա այդ ամենն անում էր ֆանտաստիկ գեղեկցությամբ, նախանձելի թեթևությամբ` ֆուտբոլ կոչվող մարզաձևը վերածելով արվեստի:
Նրա կատարելությունը ավելի է ընդգծում այն ժամանակահատվածը, որում Զիդանը խաղացել է: Եթե Պելեն խաղացել է մի դարաշրջանում, երբ խաղից դուրս վիճակ չի եղել, եթե Մարադոնան միայն անհատական անցումներով է զարմացրել մարդկանց, քանզի 80-ականներին բացակայում էր տակտիկական ֆուտբոլը, եթե Ռոնալդինյոն «պորթկաց» 3-4 տարի, եթե Ռոնալդուն ու Մեսին խաղում են իրենցից մեկուկես գլուխ ցածրակարգ խաղացողների ժամանակաշրջանում, ապա Զիդանը խաղացել է ֆուտբոլի ոսկե տարիներին, երբ ամեն թիմում կային առնվազն 5 Մեսիներ ու Ռոնալդուներ, Եվրոպայում կային 8-10 գրանդ ակումբներ, և նա լավագույնն էր այդ ժամանակվա հզորագույն մրցակցության պայմաններում: Չկա այդպիսի անհատական ու թիմային մրցանակ, որը չի նվաճել Զիդանը. Նա իր երկրին դարձրեց աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն, իր ակումբներին իրենց երկրի չեմպիոն, «Ռեալին»` ՉԼ-ի չեմպիոն: Մեսիին լավագույնը համարողները հիմնականում վիճակագրության երկրպագուներն են, իսկ էսթետիկան ու ֆուտբոլը գնահատող մարդիկ Զիդանին են համարում, չէ՞ որ նրանց համար Զիդանի ամեն մի կասեցումը մի Ոսկե գնդակ արժեր, իսկ ՉԼ-ի եզրափակչում «Բայերին» խփած գոլը համարժեք է մեկ միլիոն գոլի: Խելագարվել կարելի է:
Եվ ամենակարևորը` Զիդանը հրաշալի է նաև որպես մարդ: Ֆուտբոլից նրա հեռանալը առավել, քան փառահեղ ստացվեց: Նախ, վերջին տարիների համար շատ անսովոր մի բան է, երբ լեգենդար ֆուտբոլիստը կարիերայի վերջին տարիներին չի գնում այլ մայրցամաքներ` խաղալու թույլ ակումբներում ու կլորիկ գումարներ աշխատելու: Բայց Զիդանն այստեղ ևս առանձնացավ: Նա չընկավ, նա ձևական ֆուտբոլ չխաղաց և ոչ մի րոպե: Նա չկա մեր հիշողություններում վատ խաղալիս: Նա «Ռեալում» դեռ իր բարձրունքում էր, երբ լքեց ֆուտբոլը` արքայավայել ձևով: Իսկ նրա կարիերայի վերջին վայրկյաններին նա ապացուցեց, որ առաջին հերթին տղամարդ է մեծատառով` ուժեղ մարզիկ լինելուց առաջ: Այժմ «Ռեալը» գտնվում է խարիզմատիկ Զիդանի ձեռքերում: Նրա տեսակը կարող է դառնալ հզոր մարզիչ, դառնալ մեր «Գվարդիոլան» ու ունենալ հաջողություններ: Սկսվում է նոր պատմություն: