Իկերն առաջ է անցել Բուֆոնից և Շմեյխելից:
Կասիլյասը բարձր գնահատանքի է արժանացել կարիերայի ընթացքում կատարած աշխատանքի և մասնավորապես՝ Չեմպիոնների լիգայում իր մրցելույթների համար: Goal.com կայքը 50 000 ընթերցողների շրջանում առցանց հարցում է անցկացրել, որտեղ Մադրիդի «Ռեալի» լեգենդն ընտրվել է որպես Չեմպիոնների լիգայի պատմության լավագույն դարպասապահ:
«Պորտուի» դարպասապահը, ով Չեմպիոնների լիգայի շրջանակներում վաղը կհանդիպի Ժոզե Մոուրինյոյի «Չելսիին», ստացել է ձայների 33 տոկոսը, մինչդեռ հարցվածների ընդամենը 19 տոկոսն է ընտրել Բուֆոնին և 10 տոկոսը Շմեյխելին: Առաջին եռյակին հաջորդել են Էդվին Վան դեր Սարը՝ 9 տոկոս, Օլիվեր Կանը՝ 8 տոկոս, Պետր Չեխը՝ 7 տոկոս, Մանուել Նոյերը՝ 6 տոկոս, Դիդան՝ 4 տոկոս և Վիկտոր Վալդեսը՝ 3 տոկոս:
Հիշեցնենք, որ Կասիլյասի դեբյուտը Չեմպիոնների լիգայում կայացել է 1999 թվականին՝ «Օլիմպիակոսի» դեմ խաղում: Այդ ժամանակից ի վեր Իկերը Եվրոպայի ամենահեղինակավոր ակումբային մրցաշարում անցկացրել է 151 հանդիպում, 6 անգամ ընդգկվել է Չեմպիոնների լիգայի «Տարվա թիմում» և Չեմպիոնների լիգայի եռակի հաղթող է՝ 2000, 2002 և 2014 թվականներ:
Astghik Rma, RealMadrid.am