Մադրիդի «Սանտիագո Բերնաբեու» մարզադաշտում կայացավ «Ռեալ Մադրիդ»-«Մալագա» հանդիպումը:
Լա Լիգայի 6-րդ տուրի գլխավոր անակնկալն արդեն իսկ կայացած է: Խաղը լի էր իրադարձություններով, կային անթիվ-անհամար հարվածներ, չափազանց մեծ էր նաև շեղ հարվածների թիվը: Դեղին քարտերով պատժվեցին երկու թիմերի մի շարք ֆուտբոլիստեր, իսկ հանդիպման 77-րդ րոպեին Մարսելոյի նկատմամբ շատ կոպիտ խաղալու համար դաշտից հեռացվեց հյուրերի լավագույն ֆուտբոլիստներից՝ Ամրաբատը:
«Ռեալի» կազմում հաջողության հասնելու իրական հնարավորություններ ունեցան Կրիշտիանու Ռոնալդուն, Բենզեման, Խեսեն և Իսկոն, սակայն նրանց հարվածներից հետո կամ գնդակը շեղ էր ընթանում կամ հիանալի էր խաղում հյուրերի դարպասապահը՝ Կամենին:
«Արքայական ակումբը» ետնապահներից մեկի դեմ խաղում կորցնում է անչափ կարևոր միավորներ ու զիջում առաջին հորիզոնականը: Ավելացնենք միայն, որ հանդիպման երկրորդ խաղակեսում վնասվածք ստացավ Խեսեն ու ժամանակից շուտ լքեց խաղադաշտը, իսկ նրան փոխարինեց Մատեո Կովաչիչը:
«Ռեալ Մադրիդ»-«Մալագա»՝ 0-0 Տեսանյութ 
Նարեկ Սարգսյան, RealMadrid.am