Մարկո Ասենսիո Ուիլեմսենը Մադրիդի «Ռեալի» նոր ֆուտբոլիստն է։ Նա ծնվել է 1996 թվականի հունվարի 21-ին, իսկ այս ձմեռ՝ դեկտեմբերի 5-ին, հայտարարվեց նրա՝ «Ռեալ» տեղափոխության մասին։
19-ամյա իսպանացին համարվում է իսպանական ֆուտբոլի հույսերից մեկը։ Նա, կարելի է ասել, Մադրիդի «Ռեալի» նոր հրաշամանուկն է։ Ապագայում հենց նրա և Մարտին Էդեգորի հետ է ակումբը կապում իր հույսերը։
Նրա հայրը բասկ է, մայրը՝ հոլանդուհի, իսկ ինքը ծնվել է Պալմա դե Մայորկայում։ Պատանի տարիքից հանդես է եկել «Մալյորկայի» տարբեր տարիքային թիմերում, իսկ վերջում՝ գլխավոր թիմում։ Նրան մշտապես հետևել են «Ռեալի» ու «Բարսելոնայի» սկաուտները։ Նրան ձեռք բերելու համար «Ռեալը» վճարեց 3.9 մլն եվրո։
Այս տարվա մարտի 25-ից Ասենսիոն համարվում է նաև Իսպանիայի երիտասարդական հավաքականի (Մ21) անդամ, չնայած կարող էր հանդես գալ Մ19 տարեկանների հավաքականում։
Ստորև ներկայացնում ենք Ասենսիոյի մասնակցությամբ լավագույն կադրերը։
Գևորգ Լոռեցյան, Realmadrid.am