Անկեղծ ասած, ամբողջ մրցջաշրջանի ընթացքում երազում էի գրել այս նյութը: Եվ ահա, հիմա կարող եմ ասել, որ «Ռեալը» գտնվում է երկար սպասված «Էվերեստի» գագաթին` այսինքն, «Ռեալը» հաղթեց այս մրցաշրջանը: 3 գավաթ, որոնցից 2-ը հաղթեցինք: Եվ, կարևորագույնը, վերջապես հասանք մեր տարիների նպատակին` Լա Դեսիմային: Այժմ, երբ էմոցիաները քիչ թե շատ հանդարտվել են, կարելի է թեթևակի հայացք գցել ավարտված մրցաշրջանին:
Ավարտվեց նաև մրցաշրջանի վերջին հատվածը: «Ռեալը» սկզբունքային մրցավեճում հաղթեց «Բարսելոնային»: Դա ոչ միայն գավաթի նվաճում էր, այլ նաև առաջին հաղթանակն այս մրցաշրջանում կատալոնացիների նկատմամբ և հոգեբանական մեծ վստահություն: Դրան անմիջապես հետևեց երկհատորանոց սերիան, որն անցնելով «Ռեալը» պետք է դառնար Չեմպիոնների լիգայի հաղթող: Նախ, պետք է հաղթեր գործող չեմպիոն «Բավարիային», այնուհետև եզրափակչում արդեն կոտրեր այդքան համառ ատլետների դիմադրությունը: Միայն ասել, որ «Ռեալը» պարզապես հաղթեց «Բավարիային», կնշանակի ռոմանտիկայից ոչինչ չհասկանալ: Այս տարվա Մադրիդը, իրեն հատուկ հանգստությամբ, պարզապես կոտրեց բոլորի մոտ այն հզորագույն ու անհաղթահարելի թիմի կարծրատիպը, որ ուներ «Բավարիան» նախորդ տարվանից սկսած: Մարզչական հաղթանակ, անհատական հաղթանակ, ակումբային հաղթանակ... այն էլ ջախջախման տեսքով: Մյունխենյան վերջին խաղն ամբողջապես արտացոլում էր «Ռեալի»` այս մրցաշրջանի պատկերը: Այդ կոտորածը, առհասարակ, «Ռեալի» ավելի քան մեկ դարյա պատմության լավագույն հանդիպումներից էր: Եզրափակիչ` 12 տարի անց:
Այդ հաղթանակը, իհարկե, շատ թանկ նստեց թիմի ֆուտբոլիստների վրա: Այդ հանդիպման վրա, որքան էլ որ դա արդարացված էր, ծախսվել էր հսկայական հոգեկան ու ֆիզիկական էներգիա, ինչը վերջում շատ տեսանելիորեն զգացվում էր: Այդ խաղից հետո «Ռեալն» այլևս իր խաղը չխաղաց` մրցաշրջանի վերջին 5 խաղերում: Հոգնատանջ եղած ֆուտբոլիստները որոշեցին հաջորդ իսկ տուրից գործնականում կորցնել առաջնությունը` փոխարենը պատրաստվելով ՉԼ-ի եզրափակչին: Բայց, վնասվածքներն այնքան շատ էին, որ նույնիսկ եզրափակչում «Ռեալն» իրեն նման չէր: Դա պետք է խոստովանել: «Ռեալին» փրկեց միայն Ռամոսի գլխով գոլը` երևույթ, որ կարող է լինել ցանկացած պահի, թիմը խաղա լավ թե վատ, ամռանը անձրև գա, կամ էլ ձյուն: Այդ գոլից հետո շատ հեշտ էր անցնել Սիմեոնեյի «Ատլետիկոյի» վրայով:
Կարլո Անչելոտի. Հաղթողը...

Մեկ տարի էլ չի անցել այն օրից, երբ իտալացին եկավ սպիտակ թագավորություն, բայց մենք արդեն պարտական ենք նրան: Ոչ ոք չէր կասկածում իտալացու բարձր կարգի վրա, բայց նրա` որպես մարզիչ 3-րդ Չեմպիոնների լիգայի նվաճումը փառահեղ էր: Եթե անգամ նա գավաթից դուրս մնար առաջին իսկ փուլից, իսկ Իսպանիայի առաջնությունում զբաղեցներ, ասենք, 10-րդ հորիզոնականը, բայց հաղթեր ՉԼ-ն, նա իր գործն արդեն կատարած կլիներ: Բայց մենք ամբողջ մրցաշրջանի ընթացքում «Ռեալի» կատարմամբ տեսանք հարձակվողական ու գեղեցիկ ֆուտբոլ, մինչև մրցաշրջանի վերջ պայքարեցինք բոլոր տիտղոսների համար, և հաղթեցինք երկուսում: 11-րդ մարզիչը 12 տարվա ընթացքում, և նա կատարեց այդ կարևորագույն առաջադրանքը. Լա Դեսիման: Նա` որպես մարդ, հանգիստ ու ուժեղ բնավորություն ունի, որպես մարզիչ` փորձառու է և ունի իսկական հաղթողի հոգեբանություն: 1 մրցաշրջան և Լա Դեսիմա: Փառք քեզ, Կարլո...
Uno, dos, tres... Hala Madrid !!
Իշխան Մելքոնյան, Realmadrid.am