Մադրիդի «Ռեալի» դարպասապահ Իկեր Կասիլյասը իր տպավորություններն ու ցնծությունն է հայտնել Չեմպիոնների լիգայի եզրափակչում համաքաղաքային մրցակից «Ատլետիկոյին» հաղթելու ու ակումբի պատմության մեջ 10-րդ անգամ Եվրոպայի ամենահեղինակավոր ակումբային մրցաշարի հաղթող հռչակվելու առիթով։
Հիշեցնենք, որ երեկ՝ մայիսի 24-ին, Լիսաբոնում կայացած մադրիդյան եվրագավաթային դերբիում Կարլո Անչելոտիի սաները կարողացան հանդիպման հիմնական ժամանակի վերջնամասում հավասարեցնել հաշիվը, իսկ լրացուցիչ խաղահատվածում արդեն 3 անգամ խոցել անձեռնմխելի թվացող Կուրտուայի պաշտպանած դարպասը՝ 4։1։
«Սա ահռելի, մե՜ծ ուրախություն է։ Գլխումս այնքան հույզեր, մտքեր կան։ Շատ հաճելի է, որ միլիոնավոր մարդկանց երջանկացրինք և ոչ միայն նրանց, որոնք ժամանել էին Լիսաբոնում, այլ նաև այն մարդկանց, որոնք տարբեր երկրներում հեռուստացույցով էին հետևում այս դիմակայությանը»,- նշել է «Արքայական ակումբի» տիտղոսակիր դարպասապահը։
«Հսկակայական ջանքեր գործադրեցինք այս հաղթանակին հասնելու համար, և կարծում եմ՝ արժանի ենք Եվրոպայի արքայի կոչմանը։ 10 չեմպիոնական հաղթանակ՝ Չեմպիոնների լիգայում, հոյակապ է։ Երեք տարիների ընթացքում մենք այնքան մոտ ենք եղել եզրափակչին, բայց չէինք հաջողացնում հասնել մինչև որոշիչ խաղը։ Այս անգամ ցուցադրեցինք կամք և հաղթանակի ձգտում։ Ամբողջ եզրափակիչն էր հրաշալի»,- Կասիլյասի խոսքերն է մեջբերում Չեմպիոնների լիգայի պաշտոնական կայքը։
Տիգրան Մելիքյան, Realmadrid.am