«Ալմերիայի» դեմ խաղից առաջ, ավանդույթի համաձայն, Կարլո Անչելոտին մամլո ասուլիս տվեց: Իտալացին նշեց.«Չեմպիոնների Լիգայի վիճակահանությունը մեզ համար դրական էր, քանի որ մենք շարունակում ենք պայքարը: Մրցելու ենք ուժեղ թիմի դեմ, որը ուժեղ է ինչպես անհատապես, այնպես էլ թիմային առումով: Գվարդիոլան աշխարհի լավագույն մարզիչներից մեկն է, իսկ թիմը մեծ փորձ ունի: Մեզ բարդ խաղ է սպասում, բայց նրանց՝ նույնպես»:
«Մրցաշարի այս հատվածում բոլոր թիմերն էլ ուժեղ են: Միգուցե «Բավարիան» ֆավորիտն է, բայց մեր նպատակն է հաղթել ՉԼ գավաթը, իսկ դրան հասնելու համար պետք է խաղաս բոլորի հետ: Հեշտ չի լինի, բայց մենք մոտիվացված ենք: Չեմ կարծում, թե երկրորդ խաղը մրցակցի դաշտում խաղալը էական նշանակություն ունի»:
«Ալմերիայի» դեմ խաղի մասին.
«Հիմա մտածում ենք հենց այս խաղի մասին, ինչից հետո կկենտրոնանանք Գավաթի խաղարկության եզրափակչի վրա: Եթե հաղթենք մնացած բոլոր խաղերում, լավ հնարավորություն կունենանք դառնալ Իսպանիայի չեմպիոն: Վաղը խաղում ենք պայքարող թիմի դեմ, որը, ինչպես և մենք, ունի նպատակ, իսկ մենք, ինչպես միշտ, պետք է լինենք հոգեբանորեն ու ֆիզիկապես ուժեղ վիճակում»:
«Ամեն ինչ օգնում է: Մենք շատ խաղեր ենք անցկացնելու սեփական հարկի տակ ու լավ մթնոլորտի կարիք ունենք, ինչպես նաև հարկավոր է, որ բոլորը ճիշտ մոտեցում ցուցաբերեն: Ամեն ինչ կախված է ֆուտբոլիստներից: Մենք մոտիվացված ենք, քանի որ երկար ժամանակ է անցել այն օրվանից, երբ «Ռեալը» վերջին անգամ պայքարել է երեք ճակատներում հաղթելու համար, ու հիմա մեծ ցանկություն ունենք: Հուսով ենք, որ երկրպագուները ևս նույն ցանկությամբ կգան մարզադաշտ»:
«Կրիշտիանու Ռոնալդուն վաղը չի խաղա: Մենք ամեն ինչ արեցինք, որ նա պատրաստ լիներ «Բորուսիայի» դեմ երկրորդ խաղին, բայց նա վնասվածք ստացավ ու հիմա ապաքինվում է: Չգիտեմ՝ արդյո՞ք կկարողանա նա խաղալ չորեքշաբթի: Պետք է սպասենք ու հետևենք նրա վերականգնման ընթացքին: Ես խոսել եմ նրա հետ: Կրիշտիանուն ուրախ չէ, քանի որ հիմա մրցաշրջանի կարևորագույն հատվածն է: Եթե նա 100%-ով պատրաստ չլինի, ապա դաշտ դուրս չի գա: Նա ցանկանում էր խաղալ Դորտմունդում, ու մենք փորձեցինք դա ապահովել, սակայն նա իրեն լավ չզգաց, ինչի համար էլ որոշեցինք, որ նա շարունակի ապաքինվելը»:
«Ծնկի խնդիրը նրա մոտ առաջ բերեց մկանային խնդիր: Կարծում ենք՝ ամեն ինչ սկսվեց «Բորուսիայի» դեմ առաջին խաղում: Նա փոքր վնասվածք ուներ, ու եթե նա կարողանա խաղալ գավաթի եզրափակչում, ուրեմն վնասվածքը այդքան էլ լուրջ չէր»:
Մարսելոյի առողջական վիճակի մասին.
«Հիմա կազմի հետ խնդիրներ ունենք վնասվածքների պատճառով, բայց ոչ ծանրաբեռնվածության: Մի շարք թիմեր նույն վիճակում են, քանի որ շատ խաղեր են անցկացնում, նայեք ՊՍԺ-ին, «Բարսելոնային», «Ատլետիկոյին»: Մարսելոն շուտով շարք կվերադառնա»:
«Բորուսիայի» դեմ երկրորդ խաղի մասին.
«Մենք վատ խաղացինք, ու մեր բախտը բերեց, որ դուրս եկանք հաջորդ փուլ, ինչը առաջին խաղում ցուցադրած հիանալի ֆուտբոլի արդյունքն էր: Երկխաղյա դիմակայություններում պետք է պայքարել երկու խաղերում էլ: Իսկ ահա թիմին չափից շատ քննադատեցին»:
«Մենք խնդիրներ չունենք ու գիտենք, թե ինչն էր մեր սխալը Դորտմունդում: Կաշխատենք դա շտկելու ուղղությամբ, որպեսզի նորից չկրկնվի, բայց այդ խաղը մեծ նշանակություն չունի, քանի որ հիմա արդեն կիսաեզրափակչում ենք: Շրջադարձային պահը չիրացված 11 մետրանոցն էր, որից հետո մենք կորցրինք վստահությունը: Սա այն էր, ինչ տեղի ունեցավ: Մրցակցին երկու գոլ նվիրեցինք, բայց երկրորդ կեսում թիմը լավ խաղաց»:
«Կիսաեզրափակչի 4 մասնակիցներից գլխավոր անակնկալը «Ատլետիկոն» է: Նրանք հիանալի մրցաշրջան են անցկացնում, ու «Չելսիի» դեմ նրանց դիմակայությունում հավասար պայքար կլինի: Նրանք նմանատիպ ոճերով են խաղում, ու շատ հավասար պայքար կընթանա»:
Գևորգ Լոռեցյան, Realmadrid.am