Անչելոտիի «Ռեալը» շարունակում է շարժվել առաջ՝ շարունակելով հավակնել բոլոր՝ 3 տիտղոսներին: Սակայն իրավիճակն այժմ այլ է. 2 անընդմեջ պարտություններից հետո Լա լիգայի գլխավոր ֆավորիտի կարգավիճակից դուրս եկած մադրիդցիներն ուժերի մեծ մասը լարեն են դեպի գլխավորագույն նպատակը՝ Չեմպիոնների լիգան, և իհարկե առաջիկա գավաթային եզրափակիչը: Ապրիլ ամսվա միջնամասից սկսվում է մրցաշրջանի կարևորագույն փուլը:
Խաղացանկը
Այսպիսով, հաջորդ շաբաթվա գլխավոր հանդիպումից առաջ «Ռեալը» սեփական հարկի տակ նախախաղյա մարզում կանցկացնի «Ալմերիայի» դեմ: Գավաթի եզրափակչից հետո թիմը հանգստանալու և մի փոքր շունչ քաշելու հնարավորություն կստանա: Չորեքշաբթի՝ ապրիլի 23-ին մադրիդցիները կփորձեն հարմարավետ հաշվի հասնել «Բավարիայի» դեմ, քանի որ Մյունխենում իսկական պատերազմ է լինելու: Դրան արդեն կհետևեն Լա լիգայի մայիսյան հանդիպումները, և եզրափակիչը, եթե «Ռեալը» «կենդանի» մնա Չեմպիոնների լիգայում:
Կազմը
Այս կետին հասնելու ճանապարհին մադրիդցիները մի շարք կորուստներ ունեցան: Ամենացավալին ու կարևորը Կրիշտիանուի, առաջին հայացքից ոչ մի լրջություն չունեցող վնասվածքն է. առաջատարը ծնկի թեթևակի ցավեր զգալուց սկզբում բացակայեց «Ռեալ Սոսյեդադի» դեմ խաղում, այնուհետև 90 րոպե պահեստայինների նստարանին մնաց Դորտմունդում: Վերջին բուժզննումը ցույց տվեց, որ մադեյրացին բաց կթողնի «Ալմերիայի», «Բարսելոնայի» և «Բավարիայի» դեմ կայանալիք առաջին հանդիպումը: Այս մրցաշրջանն արդեն ավարտել էր Սամի Խեդիրան, ում միացան նաև Ալվարո Արբելոան և Խեսեն: Սպասվում է, որ գավաթի եզրափակչում շարք կվերադառնա Մարսելոն: Մնացած բոլորը պատրաստ են:
Հաղթական բանաձևը
Մնացած բոլոր խաղերում «Ռեալը» պարտավոր է հաղթել: Այստեղ ամենակարևորն այն է, թե ինչպես իրեն կդրսևորի Կարլո Անչելոտին: Նա կորցրեց բալանսը «Բարսելոնայի», «Սևիլյայի» և «Բորուսիայի» դեմ խաղերում, ինչի իրավունքն այլևս չկա. Առաջնությունում հաղթանակից բացի այլ արդյունքը վերջ կդնի երկրում լավագույնը դառնալու հույսին, գավաթի եզրափակչում պետք է հաղթանակ տանել «Բարսելոնայի» նկատմամբ՝ ապացուցելու համար, որ այս մրցաշրջանում գերազանցում ենք կատալոնացիներին, սա վերջին հնարավորությունն է: Իսկ Գվարդիոլայի սաների դեմ անգամ փոքրիկ վրիպումը չի ներվի, իսկ Մադրիդում իտալացի մասնագետից առավելապես սպասում են Չեմպիոնների լիգայի 10-րդ գավաթը: Անչելոտին պետք է առաջին հերթին կարգավորի խաղը պաշտպանական գծում, կարևորագույն խաղերում հանի ֆուտբոլիստներից խուճապը: Խաղը բարեկարգել է պետք նաև դաշտի կենտրոնում. եթե Մոդրիչը մեծ դժվարությամբ կարողանում է պահել իր մարզավիճակը բոլոր խաղերում, ապա Ալոնսոն վերջին խաղերը պարզապես տապալում է: Եվ, իհարկե, առաջիկա խաղերում անչափ մեծ պատասխանատվություն է դրվում հարձակման գծի խաղացողների վրա, ովքեր առանց Կրիշտիանուի պետք է գրեն իրենց անունները լուսատախտակին:
A por la Decima !!
Իշխան Մելքոնյան, Realmadrid.am