Դանիել Կարվախալը ամենաերջանիկներից մեկն էր «Ռայո Վալեկանոյի» դեմ խաղից հետո: Մերձմադրիդյան թիմի դեմ խաղում երիտասարդ պաշտպանը խփեց իր առաջին գոլը Մադրիդի «Ռեալի» կազմում: Խաղից հետո Դանին կիսվեց տպավորություններով. «Մենք բոլորս հավատում ենք, որ կկարողանանք շրջել իրավիճակն ու չեմպիոն դառնալ: Չենք հանձնվելու: 7 եզրափակիչ է մնացել, ու բոլոր խաղերում փորձելու ենք հաղթանակներ տանել: Եթե հաղթենք այդ խաղերում, կարող ենք չեմպիոն դառնալ, հակառակ դեպքում՝ ոչ»:
«Մենք լավ արդյունքի հասանք, որը մեզ վստահություն հաղորդեց չորեքշաբթի օրվա խաղից առաջ: Բնական է, որ երկրպագուները մեզանից ավելին են պահանջում երկու պարտություններից հետո, բայց թիմը լավ վիճակում է»:
Չեմպիոնների Լիգայի խաղի մասին.
«Ես հիմա մտածում եմ միայն «Բորուսիայի» դեմ խաղի մասին: Նրանք փոքր առավելություն ունեն, քանի որ պատասխան խաղը անցկացնում ենք Գերմանիայում: Նրանք հիանալի թիմ ունեն, որը կփորձի դրական արդյունքի հասնել պատասխան խաղից առաջ»:
«Ես ուրախ եմ, որ Մորատան այդպիսի հիանալի գոլ խփեց՝ ավելացնելով մեր գոլերի քանակը: Նաև ուրախ եմ Բեյլի համար, ով հիանալի վիճակում է, չնայած քննադատություններին: Ես նրա ու Ռոնալդուի միջև որևէ խնդիր չեմ նկատել: Ռոնալդուն լավագույնն է աշխարհում ու ամեն ինչ տալիս է հանուն թիմի հաղթանակի»:
Դիեգո Լոպե՞ս, թե՞ Իկեր Կասիլյաս.
«Այս բանավեճը միշտ լինելու է, բայց երկուսն էլ հիանալի են կատարում իրենց աշխատանքը: Երկուսն էլ պաշտպանում են այս ակումբի պատիվը, ինչը ամենից կարևորն է»:
Գևորգ Լոռեցյան, Realmadrid.am