Ո՞րն է քո լավագույն ֆուտբոլային հիշողությունը:
Ես շատ լավ ֆուտբոլային հիշողություններ ունեմ: Մասնավորապես, իմ առաջին Եվրոպայի առաջնությունը Մ19 տաեկանների հավաքականի հետ: Էլ չասեմ «Ռեալում» իմ դրության մասին, ակումբ, որի մասին երազել եմ մանկուց: Ես շատ եմ հավանել Զիզուի, Ֆիգուի, Կարլոսի պես ֆուտբոլիստներին…
Նախորդ մրցաշրջանը հիանալի էր «Կաստիլյայի» համար, որում դու 38 խաղույմ 22 գոլ խփեցիր: Ինչպե՞ս կբնութագրես քեզ որպես ֆուտբոլիստ:
Շատ կարևոր մրցաշրջան էր, որը շատ բարդ էր, քանի որ հենց սկզբից մենք դժվարացրինք մեր գործը, չնայած շատ ուժեղ վերջնամաս ցուցադրեցինք: Ես չեմ սիրում բնութագրել ինքս ինձ: Գերադասում եմ դա վստահել ֆուտբոլային փորձագետներին: Իսկ ես փորձում եմ ամեն օր սովորել:
Ո՞վ է ամենից շատ օգնել քեզ առաջին թիմում:
Ամեն անգամ, երբ կանտերանո է տեղափոխվում առաջին թիմ, բոլորն առաջարկում են իրենց օգնությունը, ու բոլորն էլ օգնել են ինձ ավելի հանգիստ լինել:
Խաղադաշտում՝ քո դիրքում, ո՞րն է ամենաբարդ խնդիրը:
Դա կախված է խաղից: Երբեմն, երբ ես դուրս եմ գալիս խաղադաշտ, իմ առաջ խնդիր եմ դնում գնդակներ չկորցնել ու խաղալ պարզ՝ նվազագույնի հասցնելով սխալ փոխանցումների քանակը:
Թվում է՝ վաստակել ես Կարլո Անչելոտիի վստահությունը: Ինչպե՞ս է նա օգնում քեզ բարելավել խաղդ:
Նրա հետ անցկացրած ժամանակահատվածում Անչելոտին օգնել է ինձ տակտիկապես ավելի գրագետ դառնալ: Նա հաղթող է, ով ցանկանում է, որ իր թիմը միշտ կատարելագործվի:
Որպես կանտերանո՝ երկրպագուները քեզանից շատ բան են սպասում: Ինչպե՞ս ես գլուխ հանում նման սպասումներից:
Շատ լավ, քանիո ր գիտեմ, որ միշտ ունենք նրանց աջակցությունը: Մեր երկրպագուները շատ խստապահանջ են, ու ամեն մի խաղը նոր փորձություն է ոչ միայն կանտերանոների, այլև վետերանների համար: Մենք անում ենք առավելագույնը ու այստեղ ենք թիմին օգնելու համար:
Ինչպիսի՞ զգացում է այսքան երիտասարդ տարիքում այսպիսի աստղերի կողքին խաղալը:
Սկզբում դա անսովոր էր, բայց ես վստահ եմ իմ ուժերին ու տեսնում եմ, որ լավ եմ կարողանում հանդես գալ: Ես պարզապես մեկ այլ ֆուտբոլիստ եմ, չնայած նման չեմ նրանց, քանի որ նրանք վերջին տարիներին մշտապես հանդես են գալիս ֆուտբոլային էլիտայում, բայց ինչքան սովորական վերաբերվես ամեն ինչին, այդքան ավելի լավ:
Մի անգամ դու նշել ես, որ հիանում ես Կրիշտիանու Ռոնալդուի խաղով: Ի՞նչ ես սովորել նրա կողքին խաղալու ընթացքում:
Կրիշտիանուից ամեն օր շատ բան ես սովորում: Նա լավագույն ֆուտբոլիստն է աշխարհում ու արժանի է լավագույն մրցանակներին, քանի որ բարձրակարգ պրոֆեսիոնալ է ու ամեն օր աշխատում է իր վրա: Գլխավորը, ինչ սովորել եմ նրանից, անսպառ ամբիցիան է, ինչը տեսնում ենք ամեն օր:
Ինչպիսի՞ կարծիք ունես Լա Լիգայի ընթացիկ մրցաշրջանի մասին, որում «Ատլետիկոն» հավասար պայքար է մղում «Ռեալի» ու «Բարսելոնայի» հետ:
Այս մրցաշրջանը տարբեր է: Մրցակցությունն այստեղ միշտ երկկողմանի է եղել, բայց, հավանաբար, մեր համար ավելի լավ է, որ կա երրորդ թիմ, որ պայքարում է չեմպիոնության համար, քանի որ այդ դեպքում յուրաքանչյուրս կներդնենք մեր ուժերը 100, 120 կամ 200 տոկոսով: «Ատլետիկոն» հիանալի թիմ ունի, «Բարսելոնան» միշտ այստեղ է, բայց ամեն ինչ կախված է մեզանից:
Արդյո՞ք մեծ է տարբերությունը Պրիմերայի ու Սեգունդայի միջև:
Գլխավոր փոփոխությունն այն է, որ ավելի շատ երկրպագուներ կան մարզադաշտում, ինչպես նաև պետք է ավելի արագ մտածես, երբ գնդակով ես, ու նման բաներ: Ֆուտբոլիստները տաղանդավոր են, շատ լավ են խաղում ու արագ են հարմարվում:
Ի՞նչ ես կարծում, ինչպե՞ս կօգտվի «Ռեալը» քո, Մորատայի, Իսկոյի, Կարվախալի ու Իլյարամենդիի պես երիտասարդների ներդրումից:
Մենք թարմություն ու ցանկություն ենք բերում թիմին: Երբ մարզիչը մեզ դաշտ է դուրս բերում երկրորդ խաղակեսում, անկախ նրանից, թե ով է դաշտ դուրս գալիս, փորձում ենք օգնել թիմին, քանի որ դա մեր ուղեղի մեջ է՝ փորձել ավելի ուժեղացնել թիմը, ոչ թե թուլացնել:
Այս ֆուտբոլիստներից շատերը քո թիմակիցներն են Իսպանիայի երիտասարդական հավաքականում, որը հիմա հիանալի է հանդես գալիս 2015 թվականի Եվրոպայի առաջնության որակավորման փուլում: Ի՞նչ ես սովորում՝ խաղալով Իսպանիայի երիտասարդական հավաքականներում:
Դա շատ կարևոր է: Եթե դու լավ չես խաղում ակումբում, դժվար թե հրավեր ստանաս հավաքականից: Դու հնարավորություն ունես խաղալ աշխարհի լավագույն հավաքականում ու կրել աստղը քո կրծքին: Դա երազանք է, հպարտ մի պահ՝ լի ուժեղ զգացումներով, քանի որ պաշտպանում ես երկրիդ պատիվը: Մենք շատ բախտավոր ենք, քանի որ կան շատ այլ ֆուտբոլիստներ, ում այդ բախտը չի վիճակվում:
Արդյո՞ք տեսնում ես քեզ գլխավոր հավաքականում:
Ինչու՞ ոչ: Այնտեղ շատ հիանալի ֆուտբոլիստներ կան, ու բոլորն էլ իրենց լավագույն պահերը ունեցել են: Ես ինձ տեսնում եմ այնտեղ, եթե շարունակեմ այս ուղով, մի փոքր բախտ ունենամ ու շատ վնասվածքներ չստանամ, քանի որ արդյունքում ամեն ինչ կարևոր է, ու դու պետք է մի փոքր բախտ ունենաս, և որ ամեն ինչ քո օգտին դասավորվի:
Ֆուտբոլը քո մեծագույն կիրքն է, բայց դու նաև սիրում ես երաժշտություն: Կարո՞ղ ես մի փոքր պատմել այդ հոբբիի մասին:
Երաժշտությունը շատ կարևոր հոբբի է, քանի որ այն ինձ շատ է օգնում, միգուցե նրա համար, որ ես գրեթե միշտ «Ռեալ Մադրիդ Սիթիում» եմ, մարզվում եմ կամ խաղում: Երաժշտական ստուդիա գնալը, որ ունենք ես ու ընկերներս, ինձ շատ է օգնում: Դա ինձ օգնում է կտրվել ամեն ինչից ու հանգստանալ: Երբ դուրս եմ գալիս ստուդիայից ու տուն եմ գնում, ինձ նոր մարդ եմ զգում, քանի որ հանգստացած եմ, ու ուղեղս հանգստացած է լինում: Ես շատ եմ սիրում երաժշտությունը:
Եվ վերջում, ինչպե՞ս կուզեիր հիշվել 20 տարի անց:
Ֆուտբոլային աշխարհը շատ բարդ է: Ես ցանկանում եմ երկար տարիներ հաստատուն խաղ ցուցադրել ու խաղալ այս մեծագույն ակումբում, որն ինձ համար լավագույնն է ակումբում: Ես ցանկանում եմ հիշվել որպես ակումբի լեգենդ ու հավերժ խաղալ այստեղ:
Գևորգ Լոռեցյան, Realmadrid.am