Ավարտին է մոտենում 2013 թվականը, որը «Ռեալի» համար չափազանց կարևոր, բեկումնային, մեծ ու փոքր ձեռքբերումներով և կորուստներով լի տարի ստացվեց:
Տարվա սկզբում թիմը բարդ իրավիճակում էր. տեղի ունեցավ բախումը թիմի ավագ Իկեր Կասիլյասի և գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոյի միջև, ինչից հետո էլ զարմանալի պատահականությամբ` Իկերի վնասվածքը: Այս բախումը հետագայում ազդեց թիմի ողջ մթնոլորտի վրա հանդերձարանում: «Ռեալի»` հունվարին ու փետրվարին անցկացրած խաղերի որակը չէր տարբերվում իսպանական միջին ակումբների ելույթներից, իսկ Լա լիգան հաղթելու հույսերը վերջնականապես մարեցին, քանի որ առաջատար «Բարսելոնան» արդեն կիլոմետրերով առաջ էր անցել: Դեռ սա էլ բավական չէր, ճակատագրի հեգնանքով փետրվար-մարտ ամիսներին թիմն ունեցավ չափազանց ծանր խաղացանկ, այն էլ այս դժվարին հատվածում: Սակայն Մոուրինյոն ու իր սաները փայլուն կերպով հաղթահարեցին այդ արգելքն ու հրաշք շաբաթ անցկացրին. 6 օրվա ընթաքում «Ռեալը» հաղթեց «Բարսելոնային» գավաթի կիսաեզրափակչում «Կամպ Նոու» մարզադաշտում 3-1 հաշվով, առաջնությունում սեփական հարկի տակ 2-1 հաշվով, և Չեմպիոնների լիգայի 1/8-րդ եզրափակչում «Օլդ Թրաֆորդում» պայքարից դուրս թողեց Ֆերգյուսոնի «Մանչեսթեր Յունայթեդին»` հաղթելով 2-1 հաշվով: Սակայն այս ամենից ակումբի ներսում ընդհանուր պատկերն առանձնակիորեն չփոխվեց: Մոուրինյոյի զոհերն էին դառնում արդեն Պեպեն, Ռամոսը, Օզիլը... բոլորն անհամբերությամբ սպասում էին մրցաշրջանի ավարտին: Ի հակառակ «Ռեալի»` կիսաեզրափակչում մրցակից Յուրգեն Կլոպն իսկական ընտանեկան կոլեկտիվ էր ստեղծել «Բորուսիայում», ինչի շնորհիվ էլ դուրս եկավ եզրափակիչ` չնայած նրան, որ «Ռեալը» շատ մոտ էր հաղթանակին: Բենզեմայի ու Ռամոսի գոլերն արթնացրին բոլորի հույսերը, սակայն ժամանակը չհերիքեց: Դա կարելի է համարել տարվա ամենահուզառատ ու տխուր դրվագը: Այդ հանդիպումից հետո մրցաշրջանը գործնականում ավարտվեց:
Թիմում տիրող սարսափելի հակասությունների արդյունքում հեռացավ Մոուրինյոն, և փոխվեց ոչ միայն մրցաշրջանն, այլ մի ամբողջ ժամանակաշրջան: Փոփոխություններն արմատական էին ամռանը. եկավ Անչելոտին ու փոխվեց թիմի խաղային փիլիսոփայությունը, աշխատաոճն ու խաղը: Անչելոտին ու Զիդանը, ով նշանակվեց գլխավոր մարզչի օգնական, խաղաղ ու ներդաշնակ մթնոլորտ են ստեղծել. մի փոքր դժվարությամբ սկսելով մրցաշրջանը, այժմ մադրիդցիներն այնպիսի մրցունակ թիմ ունեն, որ հավակնում են բոլոր այն առաջնություններին, որոնցում հանդես են գալիս` ինչպես Իսպանիայում, այնպես էլ Եվրոպայում: Եթե ներքին առաջնությունում մի քանի անհաջող հանդիպումների արդյունքում «Ռեալը» զիջում է առաջատարներին 5 միավորով, ապա Չեմպիոնների լիգայում ակումբի արդյունքները շլացուցիչ են, իսկ 1/8-րդ եզրափակչում «Շալկեի» հետ դիմակայությունում Անչելոտիի սաների հաղթանակը ոչ ոքի մոտ կասկած չի հարուցում: Թիմը նոր տարի է մտնում վերելքի վրա:
ԿՈՐՈՒՍՏՆԵՐԸ
Չնայած նրան, որ նախորդ մրցաշրջանի համեմատ թիմի խաղն ու արդյունքներն անհամեմատ ավելի լավն են, այնուամենայնիվ «Ռեալն» ունեցավ կորուստներ, որոնց հետ մինչև այժմ դժվար է համակերպվել: Թիմից հեռացան մի շարք առանցքային և ոչ այնքան առանցքային խաղացողներ: Առաջինը պետք է նշել, բնականաբար, Մեսութ Օզիլին, ով անսպասելիորեն 50 միլիոն եվրոյով տեղափոխվեց «Արսենալ» տրանսֆերային պատուհանի վերջին ժամերին: Մինչև հիմա շատերն ափսոսում են Օզիլի համար, սակայն երկրպագուների որոշ հատված մեղադրում է խաղացողին մրցակցությունից վախենալու համար: Այդուհանդերձ, Օզիլը ամենաբարձր մակարդակն ունեցող ֆուտբոլիստն է, ու ցանկացած ակումբի համար կորուստ կլիներ նրան վաճառելը: Այժմ գերմանացին շարունակում է իր հրաշալի ելույթներն «Արսենալում»:
Միանգամից երեք ֆուտբոլիստներ, որոնք իրենց այնքան էլ սիրված ու գնահատված չէին զգում Մադրիդում, ընտրեցին միևնույն ուղին` Բենիտեսի «Նապոլին»: Այս դեպքում քչերն են մեղադրում Ֆլորենտինոյին. քիչ խաղաժամանակ ստացող Ռաուլ Ալբիոլը, Խոսե Կալյեխոնն ու Գոնսալո Իգուաինն այժմ իրենց շատ լավ են զգում իտալական ակումբում, իսկ «Ռեալում» նրանք անփոխարինելի չէին:
Եվ Կական, ով արդեն չորս մրցաշրջան էր անցկացրել Մադրիդում, վերջնականապես որոշեց վերադառնալ իր հարազատ «Միլան», որտեղ զգում է իրեն ինչպես ձուկը ջրում: Նա «Ռեալում» այդպես էլ իր տեղը չգտավ, և սա օրինաչափ որոշում էր:
Եթե շատերը վերջին մրցաշրջանից հետո հիասթափվել էին Մոուրինյոյից, Իսպանիայում դեռ մնացել են երկրպագուների մի հատված, որոնք կարոտում են Մոուրինյոյին ու նրա տաղանդը: Նրանք նախապատվությունը տալիս են ավելի ծայրահեղական, շատ դեպքերում ավելի տպավորիչ ու կրեատիվ մասնագետին: Մոուրինյոն, իրոք, լուրջ խնդիրներ լուծեց իր աշխատած տարիներին, սակայն նրա ժամանակն արդեն ավարտվել էր Մադրիդում:
ՁԵՌՔԲԵՐՈՒՄՆԵՐ
Ռաֆաել Վարան: Այս խաղացողը բացահայտում էր ամբողջ Եվրոպայում: Նա փայլուն դրսևորեց իրեն գավաթային կլասիկոյում, իսկ դրանից հետո արդեն մի շարք կարևոր հանդիպումներում: Այժմ նա իր հիմնական տեղն ունի «Ռեալի» և Ֆրանսիայի հավաքականի մեկնարկային կազմում, պարզապես վնասվածքներն են մի փոքր խանգարում:
Անչելոտի: Ամենագլխավոր ձեռքբերումը, որն ունեցավ «Ռեալը»: Այն, ինչի կարիքն ուներ Ֆլորենտինո Պերեսը, այն, ինչի կարիքն ուներ հանդերձարանն ու այն, ինչի կարիքն ունեին երկրպագուները, տալիս է իտալացին: Գեղեցիկ խաղ ու արդյունքներ, ադեկվատ որոշումներ, հիանալի մթնոլորտ և նպատակասլացություն: Իտալացու հետ կարելի է հաղթել այդքան սպասված «Լա Դեսիման»:
Ծախսված բազմաթիվ միլիոնների մեջ միանգամից աչք է զարնում «100 միլիոնանոց տղան»` Գարեթ Բեյլը: Այս ֆուտբոլիստը Պերեսի նոր գալակտիկոսի անդամներից է: Ամռանը երկար ու ծանր բանակցություններից հետո, ամենավերջում ուելսցին ժամանեց Մադրիդ: Մանր մկանային վնասվածքները չհաշված՝ «Տոտենհեմի» նախկին առաջատարի ադապտացումը կարելի է գնահատել հրաշալի: Բեյլի խաղը ակնհայտորեն հիացնում է երկրպագուներին, ով Ռոնալդուի ու Բենզեմայի հետ հիանալի հարձակվողական եռյակ է կազմում:
Զիդանի հորդորով եկավ Իսկոն, իսկ Անչելոտիի` Իլյարամենդին: Այս երկու երիտասարդ իսպանացիների հետ ղեկավարությունը մեծ հույսեր է կապում ոչ միայն այս, այլ նաև առաջիկա մի քանի մրցաշրջաններում: Նրանք նույնպես արագ հարմարվեցին Անչելոտիի ձեռագրին:
ԱՆՀԱՏԱԿԱՆ ՊՐՈԳՐԵՍ
Թիմի գրեթե բոլոր ֆուտբոլիստներն ուժեղացան անհատապես: Դարպասապահի դիրքում մրցակցության պայմաններում Դիեգո Լոպեսն ու Իկեր Կասիլյասը շատ լավ են իրենց դրսևորում, երբ խաղում են: Կարելի է առանձնացնել Լուկա Մոդրիչին, ով իր կատարած մեծ ծավալի աշխատանքով ու օրինակելի խաղով հիացնում է բոլորին: Խաբի Ալոնսոն վնասվածքից վերադարձել է իր լավագույն խաղով: Ամբողջ սխեման ու խաղը կառուցվում է նրա շուրջ, իսկ իր կարևորությամբ նա այն էլեմենտն է, ինչ Զիդանը ժամանակին, իսկ այս մրցաշրջանի գերխնդիրներից է նրա պայմանագրի երկարաձգումը: Կարիմ Բենզեման, ով ծանր ժամանակներ անցկացրեց, մրցաշրջանը անհաջող մեկնարկեց ու քննադատվեց բոլորի կողմից, կարծես գտավ իր մարզավիճակն ու ընթացավ թիմի ռիթմին համապատասխան: Սկսեց գոլեր հեղինակել, փոխանցումներ կատարել ու օգտակար խաղ ցուցադրել: Զիդանը դեռ շատ կնպաստի ֆրանսիացու առաջընթացին:
ԼԱՎԱԳՈՒՅՆ ՌՈՆԱԼԴՈՒՆ
Կրիշտիանուն այս տարի անկրկնելի է: Եվ դա ոչ միայն այս մրցաշրջանում, այլ նաև օրացույցային տարում: Կրիշտիանուի խփած գոլերի քանակը, խաղի կայուն որակը, բազմազանությունը և բազմակողմանիությունը ապշեցնում է: Նրա մասին ցանկացած խոսքի նա պատասխանում է խաղադաշտում: Այժմ ավելի, քան երբևէ մեծ են հույսերը, որ վերջապես կհաղթի արդարությունը` այսինքն Ռոնալդուն: Ոսկե գնդակը չունի այլ արժանի տիրակալ, քան Պորտուգալիայի և «Ռեալի» առաջատարը:
Իշխան Մելքոնյան (MelIsh), Realmadrid.am