«Ալմերիայի» դեմ խաղի վերջին գոլը հեղինակեց Ալվարո Մորատան: Խաղից հետո հարձակվողը գոհունակություն հայտնեց դրա ելքի վերաբերյալ.«Հավաքականների խաղերից հետո շատ ֆուտբոլիստներ հոգնած են վերադառնում, քանի որ երկար ճամփորդություններ են ունենում: Ցանկացած խաղադաշտում հեշտ չէ 5 գոլ խփել, հատկապես՝ այստեղ, բարդ խաղ էր, ու վերջում մենք կարողացանք հիանալի հաղթանակ տանել: Հիանալի երեկո էր: Երբ ես դաշտ եմ դուրս գալիս, շանսեր ունենում եմ, բայց մինչ այս պահը իմ բախտը չէր բերում, իսկ այսօր ստացվեց, ու ես ուրախ եմ»:
Ռոնալդուի մասին.«Նորմալ է, որ նա հոգնած է՝ հաշվի առնելով այն, թե ինչպես նա խաղաց վերջին խաղերում: Նա աշխարհի լավագույն խաղացողն է, բայց նույնպես սովորական մարդ է ու ժամանակ առ ժամանակ հանգստի կարիք ունի: Նա առաջինն է գալիս մարզումների ու վերջինն է հեռանում: Վստահ եմ, որ նա արդեն իսկ մտածում է վերականգնվելու մասին: Նա մեզ համար շատ կարևոր խաղացող է»:
Թիմում իր դրության մասին.«Ես ինձ շատ լավ եմ զգում ու շնորհակալ եմ մարզչին ու մարզչական անձնակազմին ցուցաբերած վստահության համար: Թիմակիցներիցս շատերը հաճախակի զրուցում են ինձ հետ ու շատ խորհուրդներ տաիս: Փորձում եմ սովորել բոլորից: Ես շարունակում եմ սովորել ու շատ ուրախ եմ, ուրախ եմ, որ գտնվում եմ այս ակումբում: Ամեն անգամ, երբ դաշտ եմ դուրս գալիս այս մարզաշապիկով, ուրախ եմ գնում տուն»:
«Ալմերիայի» դեմ խաղում թիմի կազմում դաշտ դուրս եկած իսպանացի խաղացողների քանակի մասին.«Մեծ պատիվ է, որ այսքան իսպանացիներ դաշտ էին դուրս եկել: Սա ցույց է տալիս, որ ավելի ցածր տարիքային խմբերում Իսպանիայի հավաքականները լավ են աշխատում: Իսկ «Ռեալը» աշխարհի լավագույն ակադեմիաներից մեկն ունի»:
Եվ վերջում Մորատան նշեց, որ հպարտ է թիմի ցուցադրած խաղի համար.«Կամաց-կամաց մենք իրար ավելի լավ ենք հասկանում: Կան մի քանի նորեկներ, բայց ամեն անգամ մենք ավելի լավ ենք իրար հետ խաղում: Մենք շատ լավ թիմ ունենք»:
Գևորգ Լոռեցյան, Realmadrid.am