«Ռեալ Սոսյեդադի» դեմ խաղից առաջ «Ռեալի» գլխավոր մարզիչ Կարլո Անչելոտին մամլո ասուլիս տվեց: Իտալացի մասնագետը նախ հաստատեց, որ Խաբի Ալոնսոն կլինի մեկնարկային կազմում, իսկ հետո խոսեց խաղի մասին.«Ռեալ Սոսյեդադը» լավ թիմ է՝ լավ մոտեցմամբ: Նրանք դինամիկ խաղ են ցուցադրում ու ունեն արագ ֆուտբոլիստներ: Հեշտ խաղ չի լինելու: «Մանչեսթեր Յունայթեդի» դեմ խաղում նրանք արդեն ապացուցեցին, որ կարող են մեծ խաղեր անցկացնել, ու սա մեզ համար շատ լավ թեստ է, որում պետք է լավ խաղանք ու ինտենսիվ»:
Հիմնական կազմի մասին.«Խաբի Ալոնսոն կլինի մեկնարկային կազմում: Նա լավ վիճակում է, ու եթե ամեն ինչ հարթ ընթանա, նա կխաղա ամբողջ 90 րոպե: Կրիշտիանուն նույնպես իրեն լավ է զգում, չնայած փոքրիկ խնդիր ուներ: Մենք այսօր նաև խնդիրներ ունեցանք Մարսելոյի հետ, ով վնասեց ծունկը, ու Խեդիրայի, ով վնասել է աջ ոտքը: Պետք է սպասել բուժզննության արդյունքներին: Ես չգիտեմ՝ կխաղա՞ն նրանք, թե՞ ոչ»:
Արդյո՞ք ունի մի կազմ, որը իր համար մշտական կարող է համարվել.«Կա այդպիսի կազմ, բայց ամբողջ մրցաշրջանի ընթացքում մեզ շատ խաղացողներ են պետք, քանի որ շատ խաղեր ենք անցկացնում: Չեն կարող միշտ նույն 11-ը խաղալ, քանի որ այդ դեպքում ես կունենամ 11 գերհոգնած ու 11 չմոտիվացված խաղացողներ: Ահա թե ինչու է ռոտացիան կարևոր: Բայց եթե խաղացողը լավ է հանդես գալիս, ռոտացիայի կարիք չկա: Կրիշտիանուն ու Ալոնսոն մեզ համար կարևոր են: Առաջինը շատ գոլեր է խփում, իսկ երկրորդը շատ լավ է հասկանում խաղը: Իլյարան այնքան արագ ու այնքան երկար չի խաղում, ինչքան Ալոնսոն, բայց նա շատ լավ կիսապաշտպան է՝ տեխնիկական բարձր որակներով, ու շատ է օգնում թիմին խաղը սկսելու փուլում: Խաբիի պես վարպետի հետ մարզվելը նրան շատ կօգնի»:
Չեմպիոնների Լիգայում ու Լա Լիգայում թիմի ցուցադրած խաղերի տարբերությունների մասին.«Չեմ կարծում, թե տարբերությունը մեծ է: Ճիշտ է, ՉԼ-ում մենք լավ ենք խաղացել ու լավ արդյունքներ ենք գրանցել, չնայած միշտ չէ, որ անթերի էինք խաղում: Թուրքիայում խաղի առաջին 30 րոպեներին մենք խնդիրներ ունեինք, ինչպես և Լա Լիգայում: Այ սա է խնդիրը»:
Իր նոր հրատարակած գրքում նշած մեջբերման մասին, որում ասվում է, որ տնտեսական ներկա վիճակը երբեմն ազդում է սպորտի վրա.«Դա շատ պարզ է: Դժվար չէ դա հասկանալ: Դրա համար պետք չէ Էյնշտեյն լինել: Մարզիչը պետք է համակերպվի ակումբի տնտեսական վիճակի հետ: Ես չեմ կարող գնել բոլոր այն խաղացողներին, ում ուզում եմ: Դա շատ պարզ է և հասկանալի»:
Վերջին տնային խաղում հնչած սուլոցների մասին.«Այդ ամենը նրա արդյունքն է, որ երկրպագուներին դուր չի գալիս թիմի ցուցադրած խաղը, ոչինչ ավելին»:
«Յուվենտուսի» դեմ խաղում թիմի պաշտպանության մասին.«Ռամոսի դիրքը ժամանակավոր բնույթ ուներ: Ես գիտեմ, որ նա կենտրոնական պաշտպան է, բայց այն փորձը, որ նա ունի, թույլ է տալիս հաջողությամբ խաղալ նաև աջից»:
Դարպասապահի դիրքի մասին.«Որոշումը կայացվել է: Այդ ժամանակ Դիեգոն ավելի լավ վիճակում էր: Թուրինում անցկացրած խաղից հետո Իկերն էլ էր շատ հստակ արտահայտվել: Նա ուզում է մնալ թիմում, ու դա խնդիր չէ: Մենք ուզում ենք, որ նա մնա, ու նույնը նա է ուզում»:
Ռոնալդուի նկատմամբ թույլ տրվող հաճախակի խախտումների մասին.«Ես մտահոգված չեմ նրա ֆիզիկական վիճակով, քանի որ նա պատրաստ է նման տեմպի: Նա շատ արագ խաղացող է, ու նրա համար հեշտ չէ, քանի որ Կրիշտիանուն միշտ գործ ունի մրցակցի պաշտպանների հետ»:
Դի Մարիայի մասին.«Նա շատ լավ է աշխատում, բայց երբեմն մրցակցության արդյունքում նա հայտնվում է պահեստայինների նստարանին: Ես չեմ կորցրել նրա նկատմամբ ունեցած վստահությունը: Նա պատրաստ է խաղալ»:
Կազեմիրոյի մասին.«Մենք չենք դիտարկել նրան վարձակալությամբ այլ թիմի տալու տարբերակը: Խաղացողը հասկանում է ներկա վիճակը: Բոլոր խաղացողները պատրաստ են, ու հիմա շատ դժվար է նրա համար կազմում տեղ գտնել: Նա հանգիստ է ու լավ է աշխատում: Նրա ժամանակը կգա»:
Իսկոյի մասին.«Նա խաղում էր «Սևիլիայի» դեմ: Նրա դեպքում նույնպես հարցը մրցակցությունն է: Երբեմն նա խաղում է, երբեմն՝ ոչ: Նա արդեն հանգստացել է ու վերականգնվել ֆիզիկական խնդիրներից, որ ուներ ի սկզբանե»:
Գևորգ Լոռեցյան, Realmadrid.am