«Ռեալի» նախկին նախագահ Ռամոն Կալդերոնը խոսել է Լուիս Սուարեսի մասին, ով այս ամառ մոտ էր «արքայական ակումբ» տեղափոխվելուն:
Կալդերոնը կարծում է, որ հունվարին «Ռեալը» կարող է վերադառնալ այս թեմային ու փորձել գնել Սուարեսին, ով ԱՊԼ-ի ընթացիկ խաղարկության 4 խաղում 6 գոլ է խփել:
«Յուրաքանչյուր խաղացող երազում է խաղալ «Ռեալում», ու վստահ եմ, որ Լուիս Սուարեսը բացառություն չէ:
Օրերս հետևում էի մի խաղի, որում Սուարեսը հեթ-տրիկ գրանցեց: Նա հիանալի խաղացող է: Նման խաղացողը ոչ մի թիմի չէր խանգարի:
Ես չգիտեմ՝ կվաճառի՞ նրան «Լիվերպուլը», կամ արդյո՞ք «Ռեալը» այդքան գումար ունի, բայց նա կարող է խաղալ Չեմպիոնների Լիգայում, քանի որ «Լիվերպուլը» չի մասնակցում մրցաշարին: Այնպես որ սա «Ռեալի» համար լավ հնարավորություն է, եթե ակումբը կարծում է, որ նոր հարձակվողի կարիք ունի, քանի որ Բենզեման այնքան էլ լավ չի խաղում, իսկ նրան փոխարինող այս պահին չկա»,- ասել է Կալդերոնը:
Գևորգ Լոռեցյան, Realmadrid.am