m.realmadrid.am

«Ի՞նչ կտա ձեզ այդ նիհար տղան». Լուկա Մոդրիչի կյանքի պատմությունը
16:43:58 12.07.2018

Խորվաթ ֆուտբոլիստի կյանքի ոգեշնչող պատմությունը

«Ի՞նչ կտա Ձեզ այդ տղան, նա չափազանց ոսկրոտ է, նիհար ու թույլ»:

«Ես շատ աստղեր ունեմ, բայց նրա մասին խոսելն ինձ համար չափազանց հաճելի է: Նրա հանգստությունը գնդակը վարելիս անհավանական բարձրության վրա է: Դա թույլ է տալիս թիմին լավ խաղալ»:

Առաջին մտքի հեղինակը Իվիցա Ջիդիցն է՝ բոսնիական «Էրինսկի» ֆուտբոլային ակումբի փոխնախագահը: Երկրորդ մտքի հեղինակը Զինեդին Զիդանն է:

Երկու դեպքում էլ խոսքը գնում է Լուկա Մոդրիչի մասին: Այս երկու խիստ հակասական ցիտատներն ասվել են 14 տարի տարբերությամբ: Լուկայի համար կյանքը մշտապես եղել է պայքարել ապացուցելու համար, որ ինքն ունակ է ֆուտբոլ խաղալ:

***

Առաջին անգամ Մոդրիչը ֆուտբոլից հիասթափվել է 10 տարեկան հասակում:

1995 թվականին Լուկայի մարզիչ Ստանիսլավ Բաշիչը նրա համար փորձաշրջան կազմակերպեց «Հայդուկում»: Տղան այդ թիմի երկրպագուն էր: Մոդրիչը պարզվեց ամենացածրահասակն ու նիհարն էր թիմում և երրորդ օրը նրան տուն ուղարկեցին, հայտարարելով, որ նա շատ թույլ է ֆուտբոլով զբաղվելու համար:

Լուկան ստիպված էր վերադառնալ «Զադարի» ակադեմիա, որը գլխավորում էր Բաշիչը: Բայց հիասթափությունն այնքան ուժեղ էր, որ Լուկան որոշեց թողնել ֆուտբոլը: Նրան համոզեց նույն Բաշիչը, որին Մոդրիչը վստահում էր:

 

Զարմանալի չէ, որ Լուկան այդքան նիհար էր, քանի որ նրա ընտանիքը ծանր ժամանակներ էր ապրում: Հարավսլավիայում տեղի ունեցող պատերազմի պատճառով նրանք լքեցին իրենց տունը և փախան նավահանգստային  Զատոն քաղաք՝ ապրելով փլված հյուրատներում: Հոր աշխատավարձի մեծ մասը ծախսվում էր ժամանակավոր կացարանի և Մոդրիչի՝ ֆուտբոլով զբաղվելու վրա: Մնացած գումարը հազիվ էր հերիքում, որպեսզի հայրը կերակրեր իր 4 հոգանոց ընտանիքը:

Լուկան «վրեժխնդիր» լինելու շանս ստացավ 1 տարի հետո, երբ հանդիպեցին «Հայդուկի» և «Զադարի» երիտասարդական թիմերը, որոնք Իտալիայում մրցաշարի էին մասնակցում: Մոդրիչը հիանալի տեխնիկա ցուցադրեց և «Հայդուկի» ֆուտբոլիստների կեսին շրջանցեց: Խաղից հետո թվում էր, թե բոլորը պետք է հիանան նրանով, բայց ամեն ինչ հակառակ ստացվեց՝ Լուկիտայի վրա ոչ-ոք ուշադրություն չդարձրեց:

Մարզիչները հասկանում էին, որ Լուկան անհավանական տեխնիկա ունի, բայց նրա նիհարությունը վախեցնում էր նրանց: Այդ ժամանակ հարավսլավական երկրներում կարծում էին, որ ֆուտբոլիստը պետք է ֆիզիկապես պինդ և ատլետիկ լինի, որպեսզի կարողա հաջողության հասնել: Տեխնիկան և խաղադաշտը կարդալու հատկությունը երկրորդական դերում էր: «Այն ժամանակ գնահատում էին ֆուտբոլիստի պինդ լինելը, իսկ Մոդրիչը տերևի պես թեթև էր».- հիշում է նրա մանկապատանեկան մարզիչ Զադար Միոդրագը:

2001 թվականին Բաշիչը 15-ամյա Մոդրիչին «տեղավորեց» Զագրեբի «Դինամոյում», բայց այնտեղ էլ նրան չէին հավատում: 2 տարի նա խաղաց երիտասարդական թիմի կազմում, իսկ 2003 թվականին վարձավճարով տեղափոխվեց «Զրինսկի»:

 

Ֆիզիկապես թույլ 18-ամյա տղան տեղափոխվեց անհավանական կոպիտ լիգա, որտեղ տեղացիները սովորություն ունեին առիթ-անառիթ բաց ոտքով սահանկումներ կատարել: Ճնշումը մեծացավ նաև երկրների լարվածության պատճառով: Բոսնիացի երկրպագուները պաշտում էին խորվաթ ֆուտբոլիստների նվաստացնող երգեր երգել:

«Նա , ով խաղացել է Բոսնիայում, կարող է խաղալ ամեն տեղ»,- վարձավճարը հիշելով՝ մի առիթով ասել է Մոդրիչը:

Սկզբում երիտասարդական թիմում շատ դժվար էր հանդես գալը. արդեն 30-րդ րոպեին նա փոխարինում խնդրեց և մարզադաշտում հավաքված երկրպագուների սուլոցների ներքո նստեց պահեստայինների նստարանին: Մոդրիչին ֆիզիկապես պատրաստելու համար մտածվեց կոմպլեքս վարժություններ, բայց Լուկան թողեց մարզասրահը մեկ ամիս անց, երբ հասկացավ, որ ֆիզիկական վարժություններն իր համար չեն:

Չէ՞ որ նրա հաղթաթուղթը խաղը կարդալն ու տեխնիկան էր: Շնորհիվ որոշակի պարապմունքների Մոդրիչն արդեն 60-րդ րոպեին էր փոխարինում խնդրում:

Լուկան ոչ միայն կարողացավ ողջ մնալ այդ դժոխքում, այլև 2002/03 մրցաշրջանում դարձավ մրցարջանի լավագույն ֆուտբոլիստը: Նա ուրախությամբ վերադարձավ Զագրեբ, բայց նրան նոր հիասթափություն էր սպասվում. ղեկավարությանը չէր հետաքրքրում կիսապաշտպանի հաջողությունները և նա ստիպված էր կրկին վարձավճարով տեղափոխվել այլ ակումբ:

Զապրեշիչի «Ինտերում» ( Զագրեբի քաղաքամերձ բնակավայր) Մոդրիչը դարձավ թիմի հիմնական կազմի ֆուտբոլիստ և թիմը երկրորդ տեղը զբաղեցրեց: Երբ Մոդրիչով սկսեցին հետաքրքրվել «Յուվենտուսը», «Արսենալը», «Ինտերը»՝ «Դինամոյի» ղեկավարները հասկացան, որ պետք է շանս տան նրան:

 

Մոդրիչից ևս 3 տարի պահանջվեց, որպեսզի դառնա «Դինամոյի» աստղը, ակումբի համար 3 չեմպիոնություն նվաճի և խաղա հավաքականում: 2008 թվականին խորվաթներն իսկական բացահայտում էին Եվրոյի խաղերին, իսկ Մոդրիչը՝ ամենապահանջված երիտասարդ ֆուտբոլիստը:

Թվում էր՝ խնդիրներն արդեն թիկունքում են և Մոդրիչը երբեք չի բախվի թերագնահատվելուն, բայց ամեն ինչ այդքան հեշտ չէր, քանի որ ակումբները հետաքրքրվում էին նրանով, բայց գործը տրանսֆերին չէր հասնում:

2008 թվականին «Արսենալը» շատ մոտ էր Մոդրիչին թիմ հրավիրելուն, բայց վերջին պահին Վենգերը մտածեց, որ այդպիսի փխրուն կազմվածքով Լուկան չի կարողանա հանդես գալ ԱՊԼ-ում: Մոդրիչը կրկին հիշեց, թե ինչպես մանկության տարիներին նրան մերժեց «Հայդուկը»:

Այնուհետև բանակցություններ ընթացան «Բարսելոնայի» հետ, բայց վերջին պահին կատալոնացիները մտափոխվեցին:

***

Այն մարդը, որը հավատաց Մոդրիչին՝ Դամիեն Կոմոլին էր, «Տոտենհեմի» սպորտային տնօրենը: «Տոտենհեմում» վստահեցին Մոդրիչին, և նա արդարացրեց իրեն ինչպես երբեք:  Նրա խաղալու ժամանակ թիմը ցուցադրում էր Անգլիայի ամենագեղեցիկ ֆուտբոլը և ի վերջո լոնդոնյան ակումբը հայտնվեց ՉԼ-ում: Թվում էր՝ դժվարությունները նրան միայն մոտիվացնում էին:

«Երբ մարդիկ ասում են, որ ես չեմ կարող խաղալ ԱՊԼ-ում, դա ինձ հավելյալ մոտիվացիա է հաղորդում: Ես երազում էի ապացուցել, որ նրանք սխալվում են»:

 

Անցել էին այն ժամանակները, երբ երիտասարդին ոչ-ոք լուրջ չէր վերաբերվում: Նրա խաղով արդեն ողջ ԱՊԼ-ն էր հիանում:

Կանցնի որոշակի ժամանակ, և Լուկան 2012 թվականին կհայտնվի «Ռեալում»՝ հերթով լռեցնելով իր թերահավատներին: 

 

«Իմ ողջ կարիերայի ընթացքում մարդիկ ինձ ասում էին, որ ես բավականաչափ լավը չեմ ֆուտբոլի համար, փոքր եմ և թույլ: Բայց մենք պետք է հասկանանք խորվաթներին, քանի որ պատերազմից հետո մենք ավելի ուժեղ և կոպիտ ենք դարձել: Մեզ շատ դժվար էր կոտրել»:


Հուլիսի 15-ին, Խորվաթիան, պատմության մեջ առաջին անգամ, ֆուտբոլային ամենահեղինակավոր մրցաշարի եզրափակչում՝ Աշխարհի առաջնությունում ուժերը կչափի Ֆրանսիայի ընտրանու հետ:

Ընդամենը 4 մլն. բնակչություն ունեցող այդ երկրի ֆուտբոլային  հաջողությունների հարցում ահռելի է Լուկա Մոդրիչի դերը: Մարդ, ով 33 տարեկանում իրեն չխնայելով 60-ից ավելի կմ է արդեն անցել ռուսական խաղադաշտերում՝ ապացուցելով, որ երբեք ու ոչ մի դեպքում չի հանձնվում:

Վարդան Ղազարյան, Realmadrid.am

Աղբյուրը՝ Marca
Կարդացվել է 11241 անգամ:
ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱՄԵՆԱՇԱՏ ԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐ
Վերջին խաղը
Հաջորդ խաղը
Մրցաշարային աղյուսակ
Կայքի ամբողջական տարբերակ