m.realmadrid.am

Ռոնալդուի հրաժեշտի նամակը
15:11:44 11.07.2018

«Ռեալում» ու Մադրիդ քաղաքում անցկացրած տարիները երևի թե ամենաերջանիկն էին իմ կյանքում։

Ես միայն երախտագիտության զգացում ունեմ այս ակումբի, երկրպագուների ու քաղաքի հանդեպ։ Ես կարող եմ միայն շնորհակալություն հայտնել նրանց այն բարության ու վերաբերմունքի համար, որին արժանացել եմ։

Այնուամենայնիվ, կարծում եմ, որ եկել է ժամանակը իմ կյանքում նոր փուլ սկսելու համար, ինչի համար էլ ակումբից խնդրել եմ թույլ տալ ինձ հեռանալ։ Սա իմ որոշումն է, ու ես ցանկանում եմ երկրպագուներին խնդրել, որ հասկանան իմ այս որոշումը։

Ես 9 հիասքանչ տարի եմ անցկացրել այս ակումբում, 9 յուրօրինակ տարի։ Սա անմոռանալի ժամանակ էր՝ լի հաջողություններով, չնայած եղան նաև դժվարին ժամանակներ, քանի որ «Ռեալում» պահանջները չափազանց բարձր են, բայց ես շատ լավ գիտեմ, որ երբեք չեմ մոռանա այն, թե ինչպես էի հաճույք ստանում իմ ֆուտբոլից։

Ես խաղադաշտն ու հանդերձարանը կիսել եմ հիանալի թիմակիցների հետ, զգացել եմ հիանալի երկրպագուների սերը, և միասին մենք երեք տարի անընդմեջ ու 5 տարում 4 անգամ նվաճեցինք Չեմպիոնների լիգայի գավաթը։ Այս հաջողությունների հետ մեկտեղ անհատական մակարդակում ես նվաճեցի 4 «Ոսկե գնդակ» ու 3 «Ոսկե խաղակոշիկ»։ Այս ակումբում անցկացրած ժամանակում ամեն ինչ պարզապես հիասքանչ ու անմոռանալի էր։

Մադրիդի «Ռեալը» նվաճեց իմ ու ընտանիքիս անդամների սիրտը, ու այդ պատճառով էլ, առավել քան երբևէ, ցանկանում եմ ասել շնորհակալություն ակումբին, նախագահին, տնօրեններին, թիմակիցներիս, մարզչական անձնակազմին, բժիշկներին, ֆիզիոթերապևտներին ու այն ողջ անձնակազմին, որ ամեն ինչ անում էր, որ բոլոր աշխատանքները կատարվեն ինչպես հարկն է, ու հոգ էր տանում ամեն մի դետալի մասին։

Եվս մեկ անգամ ցանկանում եմ անսահման երախտագիտությունս հայտնել երկրպագուներին ու իսպանական ֆուտբոլին։ Այս 9 անմոռանալի տարիների ընթացքում մրցել եմ հիանալի ֆուտբոլիստների դեմ։ Հարգում ու գնահատում եմ նրանց բոլորին։

Ես ամեն ինչին շատ լուրջ եմ վերաբերվել ու գիտեմ, որ հիմա ժամանակն է նոր էջ բացելու համար։ Չնայած որ ես հիմա հեռանում եմ ու անկախ նրանից, թե ուր եմ լինելու, ես հավերժ կապված կլինեմ այս մարզաշապիկին, այս տարբերանշանին ու «Սանտիագո Բեռնաբեուին»։

Շնորհակալ եմ բոլորիդ, և իհարկե, ինչպես և 9 տարի առաջ այս մարզադաշտ առաջին անգամ մտնելուց ասացի՝ Հալա Մադրիդ։

Los Merengues, Realmadrid.am

Աղբյուրը՝ Realmadrid.com
Կարդացվել է 8465 անգամ:
ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱՄԵՆԱՇԱՏ ԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐ
Վերջին խաղը
Հաջորդ խաղը
Մրցաշարային աղյուսակ
Կայքի ամբողջական տարբերակ