m.realmadrid.am

Զիդան. «Տրանսֆերների հարցին կվերադառնանք հունիսին»
13:07:37 13.01.2018

«Վիլյառեալի» դեմ խաղին նախորդած մամուլի ասուլիսի ժամանակ Զինեդին Զիդանը պատասխանել է լրագրողների հարցերին։

«Մենք 100 տոկոսով կենտրոնացած ենք այս խաղի վրա, քանի որ մրցում ենք ուժեղ թիմի դեմ, որը ֆանտաստիկ մրցաշրջան է անցկացնում։ Նրանք քիչ պարտություններ են կրել, բայց մենք ամեն ինչ անելու ենք այս խաղում հաղթելու համար։ Դա մեր նպատակն է, որի համար էլ պատրաստվել ենք։ Նրանք գնդակի հետ շատ լավ են աշխատում ու լավ են օգտագործում տարածությունները։ «Վիլյառեալը» լավ թիմ է, ինչի մասին խոսում են նաև նրանց արդյունքները։

Մենք ցանկանում ենք, որ մարդիկ գան մարզադաշտ ու աջակցեն մեզ, ինչպես և միշտ արել են։ Չենք կարող կենտրոնանալ բացասական բաների վրա։ Մենք ունենք երկրպագուների կարիքը»։

Ռոնալդուի մասին.

«Նա ֆիզիկապես շատ լավ վիճակում է, ինչն ամենակարևորն է։ Մեկ ամիս առաջ էլ նա չէր կարողանում գոլեր խփել, բայց հետո սկսեց աչքի ընկնել։ Շատ շուտով դուք կտեսնեք իսկական Ռոնալդուին»։

Ֆիզիկական վիճակի մասին.

«Ի տարբերություն նախորդ տարվա՝ մենք լրիվ այլ իրավիճակում ենք ու չենք կարող մեզ թույլ տալ այն փոքր մինչմրցաշրջանը, որ անցկացրինք նախորդ տարի հունվարին, քանի որ հիմա ամեն երեք օրը մեկ խաղ ունենք։ Բայց դա չի նշանակում, որ մենք ոչինչ չենք անում։ Երբ մենք հնարավորություն ենք ունենում փոքր ուղղումներ անելու համար, ապա անում ենք դա, հատկապես այն ֆուտբոլիստների հետ, որոնք յուրաքանչյուր խաղում դաշտ դուրս չեն գալիս»։

«Լեգանեսի» դեմ գավաթային խաղերի մասին.

«Բարդ դիմակայություն է սպասվում։ Մենք քառորդ եզրափակչում ենք, ու շատ լավ է, որ Մադրիդից դուրս չենք գալու այդ փուլում։ Մինչ կիսաեզրափակչի մասին մտածելը, պետք է նախ և առաջ հաղթահարենք քառորդ եզրափակչի արգելքը։ Մենք «Ռեալն» ենք ու գիտենք, որ ամեն խաղը կարող է շատ բարդ լինել։ Ցանկացած մրցակից ուժեղ է»։

«Շատ դժվար է չկարդալ ու չլսել այն ամենն, ինչ խոսվում է հիմա։ Այժմ դա այդքան էլ հեշտ չէ, բայց պետք է փորձել։ «Ռեալի» մասին խոսվող ամեն բան հիմա բացասական տոնայնության մեջ է, բայց ես ու շատ շատերը չենք կիսում այդ տեսակետը։ Բոլորս էլ հասկանում ենք իրադրությունը, բայց պետք է դրական բաներ փնտրենք։ Մենք դեռևս պայքարում ենք բոլոր մրցաշարերում։ Մենք այնքան էլ վատ վիճակում չենք, ինչպես մարդիկ են տեսնում։ Պետք է թիմում դրական էներգիա լիցքավորենք ու շարունակենք առաջ շարժվել»։

Բենզեմայի մասին.

«Չգիտեմ, թե երբ նա կվերադառնա հիմնական խումբ։ Կարիմն արդեն մարզվում է խոտածածկին, բայց մենք պետք է հետևենք նրա ապաքինմանը։ Ես անհամբեր սպասում եմ նրա վերադարձին։ Չենք շտապելու այդ հարցում, քանի որ չենք ցանկանում ռիսկի դիմել քանի դեռ նա 200 տոկոսով պատրաստ չլինի»։

«Նումանսիայի» դեմ պատասխան խաղի մասին.

«Ես գոհ էի թիմի խաղից, բայց ոչ ամբողջ 90 րոպեների ընթացքում։ Դաշտում էին այն ֆուտբոլիստները, որ քիչ խաղաժամանակ են ստանում։ Ես արդեն հոգնել եմ լսելուց, թե ինչքան վատ ենք մենք խաղում, բայց չեմ կարող որևէ բան փոխել։ Ես իմ թիմում տեսնում եմ դրական տրամադրվածություն։ Հեշտ է ասել, որ ամեն ինչ վատ է, բայց բոլորդ էլ գիտեք, որ ամեն ինչ այդքան վատ չէ։ Երբ հերթը հասնում է «Ռեալին», քննադատող լուրերն ավելի լավ են վաճառվում»։

Հունվարին նոր ձեռքբերումների մասին.

«Եթե կա ֆուտբոլիստ, ում ցանկանում ես ձեռք բերել, ով պատրաստ է տեղափոխվել քո թիմ ու կարող է նոր բան հաղորդել թիմի խաղին, ապա հրավիրում ես նրան, բայց սա այդ դեպքը չէ։ Չեմ տեսնում մեկին, ով մեծապես կփոխի իրավիճակը։ Մենք այս հարցին կվերադառնանք հունիսին, բայց ոչ հիմա»։

ՊՍԺ-ի դեմ դիմակայության մասին.

«Մենք պետք է վերգտնենք մեր լավագույն մարզավիճակն ու խաղանք մեր լավագույն ֆուտբոլը, եթե ցանկանում ենք դուրս գալ հաջորդ փուլ։ Մենք Չեմպիոնների լիգայում շատ լավ վիճակում ենք, այնտեղ ամեն ինչ այսքան մշուշոտ չէ, ու մենք ցանկանում ենք վերգտնել կայունությունը՝ հաղթելով ու գոլեր խփելով առաջիկա խաղերում։ Ցանկանում ենք, որ արդեն այս ամիս թիմում վերադառնա դրական տրամադրվածությունը, իսկ դրա համար մենք պետք է ավելի շատ աշխատենք ու մարզվենք»։

Los Merengues, Realmadrid.am

Աղբյուրը՝ Realmadrid.com
Կարդացվել է 5612 անգամ:
ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱՄԵՆԱՇԱՏ ԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐ
Վերջին խաղը
Հաջորդ խաղը
Մրցաշարային աղյուսակ
Կայքի ամբողջական տարբերակ