m.realmadrid.am

Զիդան. «Ռոնալդուն ոչ միայն գոլեր է խփում, այլ նաև առաջնորդում է թիմին»
14:17:44 13.09.2017

«Ռեալի» գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը ԱՊՕԷԼ-ի դեմ խաղից առաջ մամուլի ասուլիս է ունեցել:

«Ուրախ ենք, որ Չեմպիոնների լիգան վերադառնում է, չէ՞ որ մենք գործող չեմպիոններն ենք: Թարմ ուժերով սկսում ենք ու ցանկանում ենք արագորեն դուրս գալ խաղադաշտ: Գիտենք, որ բարդ տարի է լինելու, բայց պատրաստ ենք դրան: Միշտ հաղթելուն պատրաստվելու շնորհիվ ենք հասել այնտեղ, որտեղ հիմա գտնվում ենք: Գիտենք, որ մեր ճանապարհին բարդ ու մոտիվացված մրցակիցների ենք հանդիպելու»:

Ռոնալդուի մասին.

«Նա լավ վիճակում է, կենտրոնացած է: Ռոնալդուն ուրախէ, քանի որ նորից կկարողանա անել այն, ինչ սիրում է՝ խաղալ ֆուտբոլ: Մենք ուրախ ենք նրա համար: Նա ֆիզիկապես ու հոգեբանորեն լավ վիճակում է գտնվում, իսկ մենք անհամբեր սպասում ենք նրա՝ խաղադաշտ վերադարձին, քանի որ նա մեր թիմի համար մեծ ուժ է ներկայացնում: Նա խաղալու է ԱՊՕԷԼ-ի դեմ, բայց դեռ մեկ խաղ բաց կթողնի Լա լիգայում: Հուսով եմ, որ դա կլինի վերջին խաղն այս մրցաշրջանում, որը նա բաց կթողնի:

Ցանկանում եմ, որ Ռոնալդուն մնա «Ռեալում» և վերջ: Մենք չպետք է խոսենք նրանից կախվածության մասին: Ես ցանկանում եմ, որ իմ բոլոր ֆուտբոլիստները պատրաստ լինեն դուրս գալ խաղադաշտ: Նա միայն գոլեր չէ, որ խփում է, նա թիմի լիդերն է, իր հետևից տանում է թիմակիցներին: Ռոնալդուն միշտ ցանկանում է հաղթել ու այդ ցանկությունը փոխանցում է թիմակիցներին: Մենք ուրախանում ենք, երբ նա թիմում է լինում:

Բոլորս էլ այստեղ ենք, որ մեր աշխատանքը լավ կատարենք: Ունենալով այսպիսի կազմ ու հաշվի առնելով խաղերի մեծ քանակը՝ ամեն ինչ կարող է տեղի ունենալ: Ես չեմ պատրաստվում փոխել իմ գաղափարները: Ինձ հետաքրքրում են միայն իմ ֆուտբոլիստները, իսկ ինչ տեղի է ունենում թիմից դուրս, ինձ չի հետաքրքրում»:

Վերջին արդյունքների մասին.

«Նման բան եղավ նաև նախորդ մրցաշրջանում, մենք մի քանի խաղ անընդմեջ ոչ-ոքի էինք խաղում, ու հիմա մտահոգ չենք, այլ ընդհակառակը: Ճիշտ է, վերջին արդյունքները հանգիստ ընդունել չենք կարող, հատկապես «Լևանտեի» դեմ խաղի արդյունքը, բայց սա ֆուտբոլ է: Մենք չենք պատրաստվում փոխվել, շարունակելու ենք ջանասիրաբար աշխատել ու ավելի լավ խաղալ, որպեսզի հաղթենք: Իսկ նման արդյունքներ մրցաշրջանի ընթացքում կարող են լինել»:

Հարձակման գծի ուժեղացման մասին.

«Մինչև հունվար որևէ բան չենք կարող անել: Երբ նայում ենք, թե ինչ հարձակվողներ ունեինք նախորդ տարի՝ Մորատա, Մարիանո, ու հիմա տեսնում ենք թիմում միայն Մայորալին, կարող է թվալ, որ մեզ կենտրոնական հարձակվող է պետք, բայց դա այդպես չէ: Ես ցանկանում էի, որ Մորատան մնար, բայց նա ցանկացավ ավելի շատ խաղալ, իսկ մենք պետք է հարգենք այդ որոշումը: Չպետք է շատ խորանանք այս հարցի մեջ, մենք լուծում կգտնենք: Ես լիովին վստահում եմ Մայորալին, նա երիտասարդ է ու շատ է ցանկանում խաղալ: Մենք շարունակելու ենք հույս դնել մեր ֆուտբոլիստների վրա, ու ես վստահ եմ, որ մեզ մոտ ամեն ինչ լավ կստացվի»:

Մայորալի մասին.

«ԱՊՕԷԼ-ի դեմ խաղում նա լինելու է թիմում: Ես ու ֆուտբոլիստները գիտենք, թե ինչպես ենք խաղալու, իսկ նա մեզ համար նոր տակտիկական հնարավորություններ է բացում»:

Սեբալյոսի մասին.

«Նրա տունը «Ռեալ Մադրիդն» է, ու նա շատ լավ է իրեն դրսևորում: Նա դեռ նոր է միացել մեզ ու ժամանակի կարիք ունի: Նա կարևոր ֆուտբոլիստ է ու երկրորդ ջութակի դերի համար չի եկել այստեղ, բայց նրան ժամանակ է պետք: Դեռ մրցաշրջանի մեկնարկն է, ու ես գոհ եմ նրանից, թե ինչպես է նա աշխատում թիմում ու ինչպես է կատարում իմ հրահանգները»:

Վարանի ու Ասենսիոյի մասին.

«Վարանը լավ է զգում իրեն, արդեն ապաքինվել է ու մեզ հետ է: Մարկոն մի փոքր խնդիր ունի, դեռ մի քանի օր չի լինի մեզ հետ»:

Los Merengues, Realmadrid.am

Աղբյուրը՝ Realmadrid.com
Կարդացվել է 1973 անգամ:
ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Մեկնաբանություններ (0)

Կատարել գրառում
Գրառում կատարելու համար անհրաժեշտ է գրանցվել:

ԱՄԵՆԱՇԱՏ ԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐ
Վերջին խաղը
Հաջորդ խաղը
Մրցաշարային աղյուսակ
Կայքի ամբողջական տարբերակ