«Սևիլիայի» կենտրոնական կիսապաշտպան Ժոֆրեյ Կոնդոգբիան արդեն հաջորդ շաբաթ կարող է դառնալ «Ռեալի» խաղացող:
Ավարտելով Իսկոյի տեղափոխությունը` մադրիդյան ակումբը իր հայացքն ուղղել է Ֆրանսիայի երիտասարդական հավաքականի կիսապաշտպանի ուղղությամբ, հայտնում է Marca-ն:
Մոտ ժամանակներս «Ռեալի» ղեկավարները կհանդիպեն Doyen Group ընկերության ներկայացուցիչների հետ, ում և պատկանում է խաղացողի իրավունքների կեսը:
Վերջերս «Սևիլիայի» նախագահ Խոսե Մարիա դել Նիդոն խոստովանել է, որ իրենց արդեն առաջարկներ են արվել Կոնդոգբիայի համար 9 մլն եվրոյի սահմաններում, ինչը երեք անգամ գերազանցում է այն գումարը, որ ֆրանսիացու համար մեկ տարի առաջ վճարվել է «Լանսին»:
Չի բացառվում նաև այն տարբերակը, որ «Ռեալը» Կոնդոգբիայի տրանսֆերը ձեռք կբերի հիմա, բայց խաղացողը ևս մեկ տարի կմնա «Սևիլիայում»:
Անձամբ Ժոֆրեյը խոստովանել է, որ պատրաստ է քայլ առաջ կատարել իր կարիերայում, բայց միայն այն պարագայում, եթե խաղա, այլ ոչ թե տաքացնի պահեստայինների նստարանը:
Նշենք, որ ավելի վաղ խաղացողի նկատմամբ հետաքրքրվածություն էր ցուցաբերում նաև «Մանչեսթեր Սիթին»:
Գևորգ Լոռեցյան, Realmadrid.am