ԿՈՆՖԵԴԵՐԱՑԻԱՆԵՐԻ ԳԱՎԱԹ | ԲՐԱԶԻԼԻԱՆ ԵԶՐԱՓԱԿՉԻ ԱՌԱՋԻՆ ՄԱՍՆԱԿԻՑՆ Է
13:06:52 27.06.2013
Բրազիլիայում շարունակվում է Կոնֆեդերացիաների գավաթի խաղարկությունը: Երեկ կայացավ առաջին կիսաեզրափակիչ հանդիպումը, որտեղ մրցում էին առաջնության կազմակերպիչ Բրազիլիան ու Հարավային Ամերիկայի չեմպիոն Ուրուգվայը:
Խաղն անցավ հավասար պայքարում, ու կողմերը ոչ մի կերպ չէին ուզում զիջել: Նախ Ուրուգվայը հենց խաղասկզբում ստացավ 11 մետրանոց հարվածի իրավունք, բայց Ֆորլանի հարվածից հետո դարպասապահ Ժուլիո Սեզարը հետ մղեց գնդակը:
Խաղակեսի ավարտին մնացել էր 4 րոպե, երբ Ֆրեդը գնդակն ուղարկեց Ֆերնանդո Մուսլերայի դարպասը: Առաջին կեսն ավարտվեց 1:0 հաշվով: Երկրորդ կեսը նոր էր սկսվել, ու Էդինսոն Կավանին վերականգնեց հաշվի հավասարակշռությունը:
Ու նորից միայն խաղակեսի ավարտից 4 րոպե առաջ Բրազիլիան գոլ խփեց` կորզելով բաղձալի հաղթանակը: Հաղթական գոլի հեղինակն էր Պաուլինյոն:
Խաղին ամբողջությամբ մասնակցեց Մարսելոն, ով 75-րդ րոպեին դեղին քարտ ստացավ: