Բորխա Մայորալը հյուրընկալվել էր Realmadrid TV-ի Camp de Estrellas ծրագրին։ Ֆուտբոլիստը խոսել է իր մանկության ու «Ռեալում» հայտնվելու մասին։
«Առաջին անգամ ֆուտբոլ խաղացել եմ տանը, երբ դեռ երեք տարեկան էի։ Խաղում էի եղբորս հետ։ Երբեմն կոտրում էինք տարբեր իրեր ու մայրս բարկանում էր, բայց դեռ այդ տարիքից ֆուտբոլը մեր կիրքն էր։ Մենք մեզ պատկերացնում էինք որևէ ֆուտբոլիստի տեղում, ու ես ինձ Ռաուլ էի անվանում ու գոլերս նրա պես էի տոնում։
Առաջին թիմս մեր համայնքի թիմն էր։ Այդտեղից տեղափոխվեց «Պարլա», որտեղ 7 հոգանոց թիմով էինք խաղում։ Մասնակցեցինք մի մրցաշարի, որից հետո Մադրիդից մի շարք ակումբներ հետաքրքրություն ցուցաբերեցին իմ նկատմամբ։ Ես երազում էի խաղալ «Ռեալում», ու երբ առաջին անգամ եկա այստեղ, տպավորված էի այն ամենից, ինչ առաջին անգամ էի տեսնում՝ այդքան շատ մարդ տոմսարկղերի մոտ, բազմահազար երկրագուներ... Մայրս ինձ շաբաթը երեք անգամ տանում էր Վալդեբեբաս։ Խցանումներ, ցուրտ եղանակ, ամառային տապ, անձրևներ... Մենք անցել ենք այս ամենի միջով։ Ես փոխում էի հագուստս դպրոցից մարզաբազա տանող ճանապարհին։ Ծնողներս միշտ իմ կողքին են եղել թե՛ լավ, թե՛ վատ պահերին, ու ես դա երբեք չեմ մոռանա։
Ես 11 հոգանոց ֆուտբոլ սկսել եմ խաղալ «Ռեալում»՝ նոր դաշտերի վրա։ Մարզվում էի Խուանխո Վալինայի ղեկավարությամբ։ Մինչ այսօր հիշում եմ, թե ինչքան խստապահանջ էր նա, ինչն էլ ինձ շատ օգնեց։ Լավագույն մրցաշրջանս մինչ այժմ անցկացրել եմ այն ժամանակ, երբ խաղում էի ավելի բարձր տարիքային խմբում ու մրցում էի թիմերի դեմ, որոնցում ֆուտբոլիստները ինձանից մի քանի տարի մեծ էին. այդ տարի ամենաշատ գոլերը խփեցի։ Դեռ այդ ժամանակից հաճախ էի հետևում Բենզեմայի խաղին, քանի որ նա «Ռեալի» հիմնական հարձակվողն էր։ Ես միշտ հիացել եմ նրա խաղով, ու հիմա ինձ համար մեծ պատիվ է, որ խաղում եմ նրա կողքին»։
Զիդանը հսկայական ազդեցություն է ունեցել իմ կարիերայի վրա։ Երբ մարզիչը քեզ հնարավորություն է տալիս պրոֆեսիոնալ ֆուտբոլ խաղալ այսպիսի ֆուտբոլիստների կողքին ու այսպիսի ակումբում, դա ազդում է քո վրա։ Ես «Կաստիլյայում» իմ նորամուտը նշել եմ «ԽԵտաֆե Բ»-ի դեմ խաղում, ու հենց այդ խաղում եմ առաջին անգամ խաղացել Զիդանի գլխավորությամբ։ Փորձում էի ամեն կերպ հասկանալ, թե ինչ են Զիդանն ու իր օգնականները պահանջում ինձանից»։
Երբ վերադարձա Մադրիդ Եվրոպայի Մ19 տարեկանների առաջնությունից, նույնիսկ չհասցրի հանգստանալ, քանի որ «Ռեալի» հիմնական թիմի հետ պետք է մասնակցեի մինչմրցաշրջանային պատրաստությանը։ Դա անհավանական զգացում էր։ Ես այնքա՜ն հարցեր էի տալիս ֆուտբոլիստներին, երբեք նման բան չէր եղել ինձ հետ։ Առաջին անգամ հիմնական թիմում խաղացի Audi Cup մրցաշարում, իսկ «Լաս Պալմասի» դեմ մրցավեճում նշեցի իմ պաշտոնական նորամուտը։
«Վոլֆսբուրգը» վարձավճարով հանդես գալու լավագույն տարբերակն էր։ Ես, ցավոք սրտի, տեղ չստանա մեկնարկային կազմում, բայց պետք է կյանքում անցնել այսիսի բաների միջով, որ հասնես այնտեղ, որտեղ ցանկանում ես լինել։ Հաջողության հասնելու համար պետք է զրկանքներ կրել։ Ես նույնիսկ չէի մտածում, որ «Ռեալի» հետ կմասնակցեմ մինչմրցաշրջանային պատրաստությանը, բայց Զիդանն ասաց, որ ցանկանում է ինձ տեսնել թիմում։ Հիմա իրագործվում է իմ երազանքը։ Ես այս թիմի մի մասնիկն եմ, սովորում եմ աշխարհի լավագույն ֆուտբոլիստներից։ Մրցաշրջանը շատ երկար է, ու ես շարունակելու եմ աշխատել, որ ստանամ իմ շանսը»։
Los Merengues, Realmadrid.am