«Ռեալի» պորտուգալացի գոլահարն անկեղծացել է CNN-ին տված հարցազրույցում. «Կարծում եմ` ինձ գոռոզ ու ինքնահավան համարելու պատճառն այն է, որ խաղադաշտում չափազանց լուրջ եմ»:
Մոտ երկու ամիս հետո պարզ կլինի, թե ով է արժանանալու այս տարվա «Ոսկե գնդակ» պատվավոր մրցանակին: CNN հեռուստաալիքի հետ զրուցելիս Կրիշտիանու Ռոնալդուն խոսել է այս մասին` անկեղծանալով նաև մի քանի այլ թեմաների շուրջ: Պորտուգալացին նշել է, որ շատերը սխալ կարծիք ունեն իր մասին, ինչը կարող է առաջին խոչընդոտը հանդիսանալ այս մրցանակին կրկին արժանանալու համար (առաջին անգամ աշխարհի լավագույն ֆուտբոլիստ էր ճանաչվել 2008թ.): «Իհարկե 100%-ով վստահ չեմ, բայց կարծում եմ, որ ինձ գոռոզ ու ինքնահավան են համարում, քանի որ խաղադաշտում չափազանց լուրջ եմ: Շատերի համար Մեսսիին զիջում եմ նախ իմ կերպարի պատճառով, իսկ այդ կերպարը հեռու է իմ իսկական կերպարից: Երբեմն այս փաստը շատ ցավալի է լինում ինձ համար»:
Մամուլի կողմից կերտված «Ռոնալդուի կերպարը» ոչ մի ընդհանուր բան չունի Կրիշտիանուի իսկական անհատականության հետ: Գոյություն ունի երկու Ռոնալդու`խաղադաշտում ու դրանից դուրս, և պորտուգալացու կարծիքով, մարդիկ չեն կարողանում տարբերել նրանց. «Դասեր եմ քաղում իմ սխալներից: Կյանքն այսպիսին է: Շատ անգամ ես պարզապես զոհ եմ, քանի որ քչերն են ճանաչում իսկական Ռոնալդուին: Եթե ինձ իսկապես ճանաչեին, իմ ընկերները լինեին, իմ տուն մտնեին ու առօրյա կյանքում շփվեին ինձ հետ, իմ հանդեպ տածած ատելության մեծ մասը կկորցնեին: Բայց դա անհնարին է, ու պետք է համակերպվել կյանքի հանգամանքներին հետ»:
Ռոնալդուն հերքել է նաև իր շինծու կերպարի գլխավոր գծերից մեկը` ենթադրյալ գոռոզությունը. «Ես պայքար սիրող ֆուտբոլիստ եմ, տանել չեմ կարողանում պարտություն ասվածը: Մարդիկ սա այլ կերպ են ընկալում, ինչը շատ ցավալի է ինձ համար, քանի որ չեմ ուզում, որ սխալ կարծիք ունենան իմ մասին: Կուզենայի խոսել այն բոլորի հետ, ովքեր ինձ գոռոզ ու ինքնահավան են համարում, ու ցույց տալ, թե ինչպիսին է իսկական Ռոնալդուն»:
Նոյեմբերի 6-ին «Ֆրանս ֆուտբոլը» իր հերթական համարի շապիկին տեղադրել էր Ռոնալդու հետևյալ խոսքերը` «Եթե հնարավորություն ունենայի, կքվեարկեի իմ օգտին»: Խոսքը գնում է, բնականաբար, «Ոսկե գնդակի» քվեարկության մասին: Ռոնալդուն պարզաբանել է, որ հումորով է մոտեցել այս պատասխանին` չմտածելով, որ հետագայում կարող են նման աղմուկ բարձրացնել այս նախադասության շուրջ:
Պարզվել է նաև, որ Ռոնալդուից հարցազրույց վերցրած թղթակիցը Մեսսիի ընկերն է, ևենթադրվում է, որ պորտուգալացու կողմից աղմկահարույց պատասխաններ գտնելու հստակ նպատակ է ունեցել` փորձելով տհաճ դարձնել Ռոնալդուի կերպարը: Վերջինս փոքր-ինչ բարկացել էր իր հումորային պատասխանը նման կերպ ներկայացնելու պատճառով, բայց մեծ ուշադրություն չէր դարձրել դրան: Այնուամենայնիվ, «Ֆրանս ֆուտբոլը» փոխեց շապիկին գրված գլխավոր տողերը:
Ռոնալդուի կարծիքով առաջին հերթին «Ռեալը» չպետք է թույլ տա, որ նման կերպ խաղան իր ֆուտբոլիստների անվան հետ: «Բարսելոնան» ամեն ինչ անում է Մեսսիի իդեալական կերպարը պահպանելու համար, իսկ իր ակումբը իրեն միայնակ է թողնում «մամուլային հարձակումներ» դեմ:
Ռոնալդուն հիշեց նաև, որ օգոստոսի 30-ի արարողությանը, երբ Ինյեստան ճանաչվեց Եվրոպայի լավագույն ֆուտբոլիստ, Ֆլորենտինո Պերեսը չէր ուղեկցել իրեն, այնինչ Սանդրո Ռոսելը իր ֆուտբոլիստների հետ միասին մեկնել էր այդ կարևոր արարողությանը:
Armin R.M.,Realmadrid.am