«Ռեալի» գերմանացի ֆուտբոլիստը հատուկ դիետա է պահպանում, ըստ որի շաբաթը առնվազն երկու անգամ պետք է ձուկ ուտի:
«Ռեալի» ֆուտբոլիստներից ովքե՞ր են Օզիլի լավագույն ընկերները: Ի՞նչ դիետայի է հետևում գերմանացին: Օզիլի մասին այս և այլ հետաքրքրիր փաստեր է բացահայտել ֆուտբոլիստի հայրն ու ներկայացուցիչը՝ Մուսթաֆա Օզիլը:
Լրագրողների հետ ոչ պաշտոնական զրույցներից մեկի ժամանակ Մուսթաֆան որդու կյանքից ուշագրավ մանրամասներ է պատմել, որոնք միանգամից հայտնվել են գերմանական մամուլում: Գերմանական “Frankfurter Aligemeine” պարբերականը ներկայացրել է այս զրույցը, որը տեղի է ունեցել Լայպցիգում՝ Գերմանիա-Իսրայել խաղից առաջ:
Օզիլը լավ խոհարար է.
Մուսթաֆան նշել է, որ Մադրիդում իր որդու ամենամոտ ընկերները Սերխիո Ռամոսն ու Սամի Խեդիրան են: Նրանք երեքով հաճախ են հավաքվում Մեսութի տանը, և վերջինս համեղ ուտեստներ է պատրաստում ընկերների համար: Այս եռյակի ամենասիրելի ճաշատեսակը սխտորով, տոմատի մածուկով ու ձվով լապշան է:
Օզիլը հետևում է հատուկ դիետայի, որի շնորհիվ կարողանում է ավելի լավ պահպանել իր մարմինն ու մարզավիճակը: Նա շաբաթը առնվազն երկու անգամ ձուկ է ուտում ու չի խմում Կոկա-կոլա: Արդյունքում Օզիլը 4 կգ «մկան է ավելացրել»:
Մուսթաֆան խոսել է նաև որդու թերությունների մասին: Նա կարծում է, որ Օզիլը պետք է ավելացնի խփած գնդակների թիվն, ինչպես նաև մրցակիցներից պաշտպանվելու ու ազատվելու համար ավելի լավ օգտագործի թևերն ու ձեռքերը:


Armin R.M.,Realmadrid.am