«Մենք հինգ գոլ խփեցինք ու հաղթեցինք: Կարող էինք նաև ավելին»,- ասել է Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը «Ֆեներբախչեի» դեմ հաղթանակից(5-3) հետո:
«Ես միշտ աջակցելու եմ իմ ֆուտբոլիստներին ու վստահ եմ, որ լավ մրցաշրջան ենք անցկացնելու: Ոչ ոք չի ցանկանում, որ երեք գնդակ ընդունի: Մենք աշխատելու ենք, որպեսզի շտկենք իրավիճակը: Մենք հինգ գոլ խփեցինք ու հաղթեցինք: Կարող էինք նաև ավելին: Սա իսկապես դրական ցուցանիշ է:
Խաղացինք 4-4-2 և 4-4-1-1 մարտավարությամբ՝ երկրորդ դեպքում հարձակողական կիսապաշտպանին տրամադրելով ավելի շատ ազատություն: Մենք ցանկանում ենք, որ թիմը նոր մոտեցում ունենա, դրա համար էլ արվում է այս ամենը»:
Լունինի մասին.
«Մենք նրա իրավիճակը կքննարկենք, երբ վերադառնանք Մադրիդ: Շատ կարևոր է իմանալ, թե ֆուտբոլիստն ինչ է մտածում: Նա արեց այն, ինչ պետք է աներ, ու նա ապագայի դարպասապահ է: Նա շատ լավ է հանդես գալիս, ու ես կարծում եմ՝ մենք ճիշտ որոշում ենք կայացրել նրա վերաբերյալ»:
«Շատ ֆուտբոլիստներ մեզ մոտ են գալիս երիտասարդական թիմից, որտեղ խաղալու է նաև Կուբոն: Ապագայում նա մեզ համար լուրջ նշանակություն է ունենալու: Նրա հետ խոսելու եմ, երբ վերադառնանք Մադրիդ: Ես ցանկանում եմ նրան տեսնել «Կաստիլյայում»՝ միաժամանակ մեզ հետ մարզվելով: Նա երիտասարդ է, ինչպես Ռոդրիգոն ու Վինիսիուսը: Մենք պետք է ամեն ինչ ժամանակին անենք»:
Բեյլի մասին.
«Վստահ չեմ՝ իրականում ինչ է կատարվել այնտեղ: Ես այստեղ եմ իմ ֆուտբոլիստների հետ ու չեմ պատրաստվում մեկնաբանություններ անել: Մենք մտածում ենք թիմի մասին: Ես հուսով եմ՝ Բեյլն այնտեղ մարզում է անցկացրել: Չեմ պատրաստվում նրան աջակցելու խոսքեր ասել, քանի որ բոլորս ունենք մեր պարտականությունները: Կհանդիպեմ նրան, երբ վերադառնամ Մադրիդ: Ուզում եմ հասկանալ՝ նա ինչ է մտածում: Նա մնացել է Մադրիդում, որպեսզի մարզվի, ու ես հուսով եմ՝ նա մարզվել է: Այս թեմայով, խնդրում եմ, այլևս հարցեր մի՛ տվեք»:
Մարիանոյի մասին.
«Մենք կվերադառնանք Մադրիդ, որից հետո ամեն ինչ պարզ կլինի: Մինչև օգոստոսի 31-ն ամեն ինչ կարող է պատահել: Ես վստահ եմ, որ դուք հոգնել եք այս հարցերը տալուց, իսկ ես հոգնել եմ դրանց պատասխանելուց, սակայն իրավիճակը սա է: Ամեն ինչ պարզ կլինի, երբ մենք վերադառնանք Մադրիդ»:
Fenomeno, Realmadrid.am