«Ռեալում» քաոսային իրավիճակ ստեղծվելուց հետո Լոպետեգին ստիպված էր հավաքել ճամպրուկները: Ընդամենը 4 ամսվա աշխատանքից հետո իսպանացին լքեց իր պաշտոնը՝ մրցաշրջանի նունիսկ միջնամաս չհասած, երբ դեռ ամեն ինչ գրեթե նոր է սկսվում, երբ բոլոր մրցաշարերում թիմը դեռ ոչինչ, ըստ էության, չի կորցրել: Սա նշանակում է, որ թիմը վերադասավորելու, խնդիրներին լուծում տալու ու նպատակներին հասնելու համար պետք է ճիշտ մարդուն ընտրել մրցաշրջանի միջնամասում: Այդպիսին էր նաև Զիդանի դեպքում, որը հրաշալի արդյունք տվեց:
Սակայն եղել են նաև բազում անհաջող դեպքեր: Հատկապես՝ Ֆլորենտինոյի առաջին նախագահության տարիներին, երբ մարզիչներն անբավարար արդյունքների պատճառով շատ արագ փոփոխվում էին: Այժմ թիմի ղեկին է Սոլարին, ում դեռևս դիտարկում են որպես ժամանակավոր պաշտոնակատար, «յոլա» տանող, մինչև նոր, հիմնական մարզչի գալուստը: Բայց «Ռեալի» նախկին ֆուտբոլիստն ամենևին էլ մտադիր չէ լինել ժամանակավոր ֆիգուր: «Կաստիլիայի» նախկին գլխավոր մարզիչը պատրաստ է ընդունել այս մեծ մարտահրավերն ու թռիչք անել դեպի հիմնական թիմ:
Արգենտինացին դեռ ամռանն էր դիտարկվում որպես հիմնական մարզչի թեկնածու, սակայն փորձի պակասը վստահություն չներշնչեց ակումբի ղեկավարությանը: Սոլարին իր փորձով, նվիրվածությամբ ու մարզչական գաղափարներով պետք է փորձի լուծումներ գտնել խնդիրների մեջ թաթախված այս թիմում: Նորամուտը վատ չստացվեց՝ 2 «չոր» հաղթանակ, սակայն խաղային խնդիրները դեռ կան ու կլինեն տևական ժամանակ:
Առջևում արդեն Սոլարիի նորամուտն է ՉԼ-ում: Այստեղ էլ հաղթանակը վստահություն կտա թե՜ իրեն, ու թե՜ խաղացողներին: Հերթական եկող-գնացող մարզիչը չլինելու համար Սոլարին կարիք ունի ոչ ստանդարտ որոշումների՝ երիտասարդներին հրանավորություն տալու, թիմին մոտիվացնել կարողանալու և տակտիկական ճիշտ մարտավարություններ մշակելու: Ակումբն էլ իր հերթին կդադարի անվանի մարզիչների փնտրտուքները, ովքեր մեկը մյուսի հետևից մերժում են «Ռեալին»:
MelIsh, Realmadrid.am