Շաբաթ օրը Վինիսիուս Ժունիորը նշեց իր պաշտոնական նորամուտը Լա լիգայում, ու այսօր նա կարող է նույնը անել Չեմպիոնների լիգայում։
Եթե Խուլեն Լոպետեգին որոշի խաղաժամանակ հատկացնել բրազիլացի տաղանդին, ապա նա կդառնա երրորդ ամենաերիտասարդ ֆուտբոլիստը, որ երբևէ խաղացել է «Ռեալի» կազմում Չեմպիոնների լիգայում։
2012 թվականի դեկտեմբերի 4-ին Ժոզե Մոուրինյոն «Այաքսի» դեմ խաղում (4-1) նորամուտի հնարավորություն տվեց Խոսե Ռոդրիգեսին, ով այդ ժամանակ ընդամենը 17 տարեկան 354 օրական էր։
Ռոդրիգեսին հաջորդում է Ռաուլ Գոնսալեսը, որ իր նորամուտը նշել է 1995 թվականի սեպտեմբերի 13-ին կրկին «Այաքսի» դեմ խաղում։ Ռաուլը, որ 18 տարեկան 80 օրական էր, այդ մրցաշրջանում խմբային փուլն ավարտեց 4 գոլով ու այդ փուլի լավագույն ռմբարկուն էր, իսկ մրցաշրջանն ավարտեց 52 խաղում խփած 26 գոլով։
Եթե Վինիսիուսն այսօր խաղա Մոսկվայում, ապա նա երրորդ հորիզոնականից դուրս կբերի Իկեր Կասիլյասին և կդառնա ակումբի պատմության մեջ երրորդ ամենաերիտասարդ դեբյուտանտը՝ լինելով 18 տարեկան 82 օրական։
Կասիլյասն իր նորամուտը նշել էր 18 տարեկան 118 օրականում Հունաստանում կայացած «Օլիմպիակոսի» դեմ խաղում՝ տվյալ մրցաշրջանում դառնալով ամենաերիտասարդ դարպասը, որ երբևէ նորամուտ է նշել Չեմպիոնների լիգայում ու նաև հաղթել եզրափակչում։
Վինիսիուսը, որ դաշտ դուրս եկավ «Ատլետիկոյի» դեմ խաղի վերջնամասում, դարձավ 2000 թվականից հետո ծնված առաջին ֆուտբոլիստը, որ խաղացել է «Ռեալի» հիմնական թիմում։
Հաշվի առնելով, որ Իսկոն ու Գարեթ Բեյլը բացակայում են՝ Լոպետեգին պետք է հարձակման գծում նոր տարբերակներ գտնի, ինչը հնարավորություն է Վինիսիուսի համար, ու շատ հավանական է, որ նա դաշտ դուրս կգա։
Եթե նույնիսկ նա այսօր չնշի իր նորամուտը, ապա հնարավորություն կունենա անել դա հոկտեմբերի 23-ին, երբ «Ռեալը» մրցելու է «Վիկտորիա Պլզենի» դեմ։
Los Merengues, Realmadrid.am