Վաղը երեկոյան «Սանտիագո Բեռնաբեուի» խոտածածկ դուրս կգան աշխարհի լավագույն ֆուտբոլիստներից շատերը, երբ իրար հանդիպեն «Ռեալն» ու ՊՍԺ-ն, բայց այդ աստղաբույլից առանձնանում է մեկը՝ Կրիշտիանու Ռոնալդուն։
Կիլիան Մբապեն, Նեյմարն ու Էդինսոն Կավանին կազմել են եվրոպական ֆուտբոլի ամենաահեղ եռյակներից մեկը, բայց, այնուամենայնիվ, պորտուգալացի աստղը մեկ աստիճան բարձր է կանգնած նրանցից թե՛ Չեմպիոնների լիգայում իր փորձի, թե՛ ցուցադրած խաղի առումով։
Մինչդեռ Լա լիգայի ընթացիկ մրցաշրջանում Կրիշտիանուն հեղինակել է ընդամենը 11 գնդակ, ինչը շատ ավելի ցածր ցուցանիշ է, քան նախորդ մրցաշրջաններում, Ռոնալդուն անկասելի հսկա է Չեմպիոնների լիգայում, հատկապես՝ ամենակարևոր խաղերում։
Խմբային փուլի 6 խաղերում Ռոնալդուն հեղինակել է 9 գոլ՝ դառնալով մրցաշարի պատմության մեջ առաջին ֆուտբոլիստը, որ գոլի հեղինակ է դարձել խմբային փուլի բոլոր 6 հանդիպումներում։ Ընդհանուր առմամբ նա մրցաշարում հեղինակել է 115 գոլ ու ՉԼ-ի լավագույն ռմբարկուն է։
Նախորդ մրցաշրջանում Ռոնալդուն նոր գլուխ բացեց եվրոպական ֆուտբոլի պատմության գրքում՝ դառնալով առաջին ֆուտբոլիստը, որ փլեյ-օֆֆ փուլի երկու տարբեր խաղերում դարձել է հեթ-տրիկի հեղինակ՝ երեքական անգամ գրավելով «Բավարիայի» ու «Ատլետիկոյի» դարպասները։
Բացի անհատական ռեկորդներից, Ռոնալդուն չորս անգամ դարձել է մրցաշարի հաղթող, որից մեկ դեպքում՝ «Մանչեսթեր Յունայթեդի» հետ (2007/08 մրցաշրջան), ու ևս երեք անգամ՝ «Ռեալի» հետ՝ 2013/14, 2015/16, 2016/17 մրցաշրջաններում։
«Ռեալի» լեգենդ Պակո Խենտոն 6 անգամ է դարձել մրցաշարի հաղթող ու ռեկորդակիր է այս ցուցանիշով, բայց անակնկալ չի լինի, եթե մոտ ապագայում Ռոնալդուն հավասարվի նրան։
Եթե Ռոնալդուն ու «Ռեալը» ցանկանում են այս տարի ևս նվաճել Չեմպիոնների լիգայի գավաթը, ապա նախ պետք է գերազանցեն ՊՍԺ-ին, ու առաջին ճակատամարտը կկայանա վաղը։
Los Merengues, Realmadrid.am