«Լևանտեի» դեմ խաղում ոչ-ոքիից հետո «Ռեալը» ևս երկու միավոր կորցրեց, բայց ավելի նշանակալի է այն փաստը, որ «Ռեալում» այժմ հարձակվողական ճգնաժամ է։
Կրիշտիանու Ռոնալդուն շարունակում է կրել իր որակազրկումը, ու նրա բացակայությունն ակնհայտորեն երևում է, իսկ ահա Կարիմ Բենզեման, որի հետ ակումբը հույսեր էր կապում, երեկ կայացած խաղում վնասվածք ստացավ, ինչն ավելի է բարդացնում թիմի գործերը։
Ինչպես և «Վալենսիայի» դեմ մրցավեճում, գնդակը պարզապես չէր ցանկանում մտնել մրցակցի դարպասը «Ռեալի» բազմաթիվ գրոհների արդյունքում։
Կրիշտիանու Ռոնալդուի ու Կարիմ Բենզեմայի բացակայության դեպքում թիմի հարձակումն առաջնորդելու դերը բաժին է հասել Գարեթ Բեյլին, որն իր հետևից պետք է տանի թիմակիցներին առաջիկա խաղերում։
Նրան այդ հարցում աջակցելու են Մարկո Ասենսիոն, Իսկոն ու Լուկաս Վասկեսը, իսկ Զիդանն այժմ ռոտացիաների դիմելու ոչ մի տարբերակ չունի։ Հեշտ է հիմա քննադատորեն մոտենալ հարցին, բայց հիմա թիմին մեծապես օգուտ կտային Խամես Ռոդրիգեսն ու Ալվարո Մորատան, որոնք նախորդ մրցաշրջանում բազմիցս նման իրավիճակներում դուրս էին գալիս դաշտ։
Պահերի ստեղծումն այժմ էլ խնդիր չէ «Ռեալի» համար։ Նույն «Լևանտեի» դեմ մրցավեճում թիմը ստեղծեց 18 գոլային պահ, իսկ ահա «Վալենսիայի» դեմ խաղում այդ թիվն ավելի մեծ էր՝ 22։
Միակ խնդիրը գնդակը դարպասի գծից այն կողմ ուղարկելն է։ Վերջին երկու խաղերում կատարած 40 հարվածներից միայն երեքն են ավարտվել խփված գնդակով։
Չորեքշաբթի օրը Չեմպիոնների լիգայում ԱՊՈԷԼ-ի դեմ խաղում խաղադաշտ կվերադառնա Կրիշտիանու Ռոնալդուն, բայց նա դեռևս մեկ խաղ բաց կթողնի Լա լիգայում՝ «Անոետայում» չկարողանալով օգնել իր թիմին «Ռեալ Սոսյեդադի» դեմ մրցավեճում։
Զիդանն այս պահին որոշումներ կայացնելու փոքր դժվարություն ունի, բայց մեկ բան հստակ է. «Ռեալը» պետք է պահերի իրացման խնդրի լուծում գտնի, ու ինչքան շուտ, այդքան ավելի լավ։
Los Merengues, Realmadrid.am