«Ռեալ Մադրիդը» ձեռք է բերել Թոնի Կրոսին: Մադրիդյան ակումբը համաձայնության է եկել «Բավարիայի» հետ կիսապաշտպանի տրանսֆերի հարցում: Մնացել են կարգավորելու որոշ մանրուքներ, բայց գործարքը արդեն իսկ կայացած է 25 մլն եվրոյի դիմաց:
Marca-ն երկուշաբթի օրը հայտնել էր, որ երկու ակումբները բանակցությունների որոշիչ փուլում են: Ընդամենը 48 ժամ անց երկու ակումբները կայացրել են 24-ամյա գերմանացի ֆուտբոլիստի տրանսֆերը:
«Մադրիդը» օգտվել է ֆուտբոլիստի պայմանագրի ժամկետից ու ձեռք է բերել նրան այնպիսի գնով, որը կրկնակի պակաս է Կրոսի իրական տրանսֆերային արժեքից:
Կրոսը դեռևս մեկ տարվա պայմանագիր ուներ «Բավարիայի» հետ, ու նրա` նոր պայմանագիր կնքելուց հրաժարվելը դժվար իրավիճակում էր դրել գերմանական ակումբին: Նրանք կարող էին կամ ֆուտբոլիստին պահել ևս մեկ տարի ու հետո ազատ գործակալի կարգավիճակով բաց թողնել, կամ վաճառել հիմա ու որոշակի գումար վաստակել:
«Ռեալ Մադրիդը» խելացի գործեց ու ձեռք բերեց աշխարհի լավագույն կիսապաշտպաններից մեկին բավականին զեղչված գնով: Ակումբը սպասեց, մինչև «Բավարիան» պատրաստ լինի վաճառել ֆուտբոլիստին, իսկ հետո կայացրեց գործարքը` առաջ անցնելով մյուս հետաքրքրված ակումբներից: