Մադրիդի «Ռեալը» դիտարկում է հարձակվող Խոսելուին հետ գնելու տարբերակը, ով պատկանում է «Հոֆենհայմին», բայց նրա պայմանագրում կա կետ, որով «Ռեալն» իրավունք ունի հետ գնել նրան 12 մլն եվրոյով:
Երկու տարի առաջ ֆուտբոլիստը 6 մլն եվրոյի դիմաց «Ռեալից» տեղափոխվեց գերմանական ակումբ, բայց մադրիդյան ակումբը իրավունք ուներ նախորդ տարի հետ գնել նրան 9 մլն եվրոյով, իսկ այս տարի՝ 12:
Սակայն գերմանական ակումբը, որ նախորդ մրցաշրջանում Խոսելուին վարձավճարով տվել էր Ֆրանկֆուրտի «Այնտրախտին», չի պատրաստվում պահել Խոսելուին ու նրա համար գնորդ է փնտրում, սակայն ոչ ոք չի վճարի 12 մլն եվրո: Այդ իսկ պատճառով «Ռեալն» էլ հույս ունի, որ կկարողանա նվազեցնել պայմանագրում նշված 12 մլն եվրո արժեքը:
Ենթադրվում է, որ Խոսելուի տրանսֆերը կիրականացվի միայն այն դեպքում, երբ թիմից հեռանա ակումբի մեկ այլ սան՝ Ալվարո Մորատան, ում պայմանագրում ևս կնշվի հետ գնման հատուկ կետ:
Խոսելուն ավարտված մրցաշրջանում 14 գոլի հեղինակ դարձավ, որոնցից 9-ը՝ Բունդեսլիգայում: